Ու՞ր ենք հասել, ու՞ր ենք գնում

«Հովե՛լ, չեղավ. գրվածքներդ շա՜տ սուր են: Այդքան կուսակցություններ, այդքան կազմակերպություններ կան. իրականությունը այնպես ես նկարագրում, կարծես ոչինչ էլ չկա, ո՛չ մարդ կա, ո՛չ էլ աշխատող: Չես կարող մարդկանց վատաբանել, բոլորի գործերը անտեսել, հավասարեցնել զրոյի: Ճիշտ չի՛»:

«Հովե՛լ, չեղավ. գրվածքներդ շա՜տ սուր են: Այդքան կուսակցություններ, այդքան կազմակերպություններ կան. իրականությունը այնպես ես նկարագրում, կարծես ոչինչ էլ չկա, ո՛չ մարդ կա, ո՛չ էլ աշխատող: Չես կարող մարդկանց վատաբանել, բոլորի գործերը անտեսել, հավասարեցնել զրոյի: Ճիշտ չի՛»:

Ալե՛քս ջան, խնդրում եմ ներողամիտ լինես: Չէի ուզում որևէ մեկին վիրավորել: Սակայն մի հատ տեսնենք.
ո՞ւր ենք հասել, և ո՞ւր ենք գնում:
Որպես օրինակ դիտարկենք մեր դպրոցների ներկա դրությունը: Տարիներ շարունակ աշխատել եմ դպրոցների ծնողական կոմիտեների հետ նախ «Սամվել Մուրատ», ապա՝ «Դպրոցասեր» վարժարանում: Ֆրանսայում ունենք արժեքավոր, կարող, ունևոր անհատներով օժտված գաղութ, մինչդեռ մեր դպրոցները մնում են խեղճ՝ թե՛ կազմակերպվածությամբ և թե՛ միջոցներով: Որտե՞ղ է սխալը:
Վերջերս ուսումնասիրում էի ֆրանսիայի՝ «Հրեաների միացյալ ընկերության հիմնադրամ» կազմակերպության կառուցվածքն ու օրենսդրությունը: Կազմակերպությունը ունի 40.000 գրանցված անդամ, տարեկան 24 միլիոն եվրոյի բյուջե: Կազմակերպության գլխավոր առաքելությունն է ղեկավարել ֆրանսիայի Հրեական դպրոցները: Դպրոցներ, որոնց աշակերտության թիվը 1950 թվականից մինչև 2015 թվականը 400-ից հասել է 32045-ի:

Փնտրեցի մի հայկական կազմակերպություն, որ այդպիսի տվյալներ ունենար, չգտա: Գլուխս պատեպատ տվեցի, աջ ու ձախ զանգահարեցի, թուղթ, մատիտ, հաշվիչ մեքենա վերցրի… Հասա 1213 աշակերտների թվի՝ Ֆրանսիայում, իմ իմացած 7 հայկական դպրոցների մեջ: 1213-ը 32045-ի դեմ՝ գաղութների գրեթե նույն ծավալի պարագայում:

Հրեական կազմակերպությունն ունի կայք(http://www.fsju.org/)որտեղից էլ վերցրի վերոհիշյալ տեղեկությունները, ունի հստակ օրենսդրություն, ժողովրդական կառույց, 228 անդամ ունեցող ընտրված խորհրդաժողով, հոգաբարձու մարմին, ընտրված նախագահ, ունի թափանցիկ հաշվեգրություն: 40.000 գրանցված անդամ: Մեկը տարեկան տալիս է 100 եվրո, մյուսը` 1000, մեկ ուրիշը` 10.000: Թափանցի՛կ, թափանցի՛կ, թափանցի՛կ:
Դպրոցների հետ մեկտեղ հրեական կազմակերպությունը զբաղվում է Հրեաների հասարակական, տնտեսական հարցերով: Պաշտպանում է հրեական դատը Ֆրանսիայի մեջ, ունի պաշտոնական կապեր թե՛ Իսրաելի, թե՛ Ֆրանսիայի հետ: Կազմակերպված, ժողովրդավարական, ֆինանսավորված, թափանցիկ հաստատություն:

Let’s reckon.
Ամփոփենք. Ո՞ւր ենք հասել և ո՞ւր ենք գնում:

Մինչ վեհորհիշյալ տվյաների մասին խոսում էի Բեյրութից Վահեի հետ, նա ընդմիջեց` ասելով. «Խնդրում եմ Հովե՛լ, ինձ հրեաների օրինակը մի՛ բեր: Նրանք իրենց հայրենիքն ընդլայնում են` սպանելով, բռնաբարելով, կողոպտելով խեղճ պաղեստինցիներին: Մենք իրենցից սովորելու կարիք չունենք»:

Լա՛վ: Հասկանում եմ. արաբական երկրների մեջ ապրող մեր հայրենակիցները ենթարկվում են արաբական պրոպագանդային՝ քարոզչությանը: Ունենք նաև արևմուտքի հայրենակիցներ, որոնք, տարբեր հովերով տարված, նախապաշարված թթվածություն են ցույց տալիս: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կմեծանանք և կբարձրանանք, բոլորով միասին: Մեծանանք, որ կարողանանք տարբերել հրեան՝ իսրայելի պետությունից: Բարձրանանք մեր մարդկային արժեքների աստիճանաչափով, որպեսզի չառանձնացնենք, չնախատենք որևէ մեկին՝ ազգային, կրոնական կամ ցեղային պատկանելիության համար:

Ուրիշները դպրոց են բացում, մենք փակում ենք: Արդեն հարմարվեցինք, որ փակվեցին անկյունաքար Մելքոնյան և պատմական Սևր քաղաքի՝ Մխիթարյան Միաբանության Սամվել Մուրատ վարժարանը, հիմնադրված 1928 թվականին: Անցյալ տարի` 2015 թվականին, Լոս Անջելեսի նման աճող գաղութում փակեցինք նաև 34 տարվա՝ Արշակ Տիգրանյան դպրոցը: Հիմա նոր լսել եմ, որ վտանգված է Փարիզի շրջանի Հրանտ Դինք վարժարանը: Մարդը՝ հերոսը, ե՞րբ նահատակվեց, ե՞րբ թաղեցինք, ե՞րբ իր անունով դպրոց կառուցեցինք, որ հիմա էլ ուզում ենք փակել:

Let’s reckon.
Where do we stand and where are we going?
Մեծ բանաստեղծն (1) ասել է. «Որպեսզի կարողանանք այսուհետ ապրել, օդից, ջրից, հացից բացի մենք պետք է ունենանք հպարտություն»: Երևում է հավատացյալ բանաստեղծը (2) շատ է աղոթել մեր հպարտության համար, որ շատ ունենք:
Մեծանանք և բարձրանանք. Մեծանանք, որ ընդունակ լինենք ընդունելու ուրիշի առավելությունները՝ իմաստությամբ, առանց մեծամտության, առանց նախապաշարումների: Մեծանանք մեր խոնարհության մեջ:

Բարձրանանք մարդասիրությամբ, դիտելով մեր պարանոցից այն կողմ, «ուրիշի» ցավը զգանք: Կարեկից լինենք օրինակ՝ զավակին կորցրած ուկրաինացի մորը, սիրիացիների, էրիտրեացիների տառապանքին: Գեթ մեկ եվրո նվիրաբերենք օտարին: Որիշին՝ ո՛չ հային: Ուրիշ տեղերում էլ պոռթկանք անարդարության դեմ: Երուսաղեմում, Փարիզում և Վաշինգտոնում տեղի ունեցող «Ի նպաստ պաղեստինցիներին»՝ ցույցերում, վստահ եմ ավելի շատ հրեաներ են մասնակցում, քան հայեր: «Տգետնե՛ր, նախապաշարվածնե՛ր» նրանք պիտի ասեն … Բարձրանա՛նք: Դուրս գանք մեր նախապաշարմունքներից: Բարձրանանք, հպարտանալու համար, որ հայերի մեջ հայրենասերներից բացի կան նաև մարդասերներ: Ֆրանսիական մամուլի մեջ նշանավոր երգիծանկարիչ կա՝ Հովիվը, ով իր կյանքի վերջին տարիներին հայկական նյութեր էլ է նկարել: Ներքևի երգիծական նկարի մեջ նա անդրադարձել է հայերի գոյատևման պայքարին՝ խառը ամուսնության պարագայում:

- Ամուսնացած եմ, բնականաբար հայուհու հետ: Ունենք երեք զավակ. Ջենիֆեր, Քեվին և Քիմբերլի:
-Ես Ֆրանսուհու հետ եմ ամուսնացել: Ունենք երեք զավակ. Հովան, Սևակ և Գայանե:

Հետաքրքիր զուգադիպությամբ երգիծական նկարի մեջ նշված անունները զուգադիպեցին երեխաներիս անունների հետ:

Հովիվը` մեկ այլ երգիծական նկարի մեջ հարց է տալիս, թե քանի հայ է նոբելյան մրցանակի արժանացել` համեմատելով հրեաների հետ: Մեր մտածմունքին վերադառնալով` հարց տանք ինքներս մեզ, թե որքան առաջնահերթ է մեր երեխաների կրթությունը: Մեր հավաքական բյուջեի ո՞ր տոկոսն ենք հատկացնելու հաջորդ սերնդի ուսման, զարգացման, դաստիարակության համար: Մոռանա՞նք թվերը, մոռանա՞նք հայեցի կրթությունը, հայապահպանումը: Ցանկություն ունե՞նք ունենալու դպրոցներ, որտե՞ղ պիտի կրթվեն, ուսում ստանան փիլիսոփա, նոբելյան մրցանակ խլող հայեր: Ե՞րբ պետք է սերմանենք, որ մեկ սերունդ հետո հնձենք սերմանածը:

- Հրեանե՞րը: Մեզանից ավել ի՞նչ ունեն նրանք: Մենք խելացի, ստեղծագործող, տաղանդավոր, աշխատասեր ազգ ենք:
- Բայց քանի՞ հայ է Նոբելյան մրցանակ ստացել:

Ճի՞շտ է արդյոք մեղադրել մեր խեղճ դպրոցների խեղճ հոգաբարձուներին, որոնք իրենց առօրյա գործերից բացի, իրենց ժամանակն ու հանգիստը զոհելով, գնում են ժողովի, շաբաթ և կիրակի դասարան են ներկում, բակ են մաքրում: Մեղադրել նրանց իրենց գաղջությա՞ն, միջինով բավարարվելու, թե՞ իրենց անհատության, միջոցների չգոյության համար: Ո՞վ է պատրաստում մեր դպրոցների կրթական ծրագիրը: Ի՞նչ մակարդակի ուսուցիչներ ենք ցանկանում ունենալ և համապատասխան ի՞նչ աշխատավարձով ենք նրանց գնահատական տալիս: Լավագույներին ոգևորելու... Ու՞ր է փողը, ու՞ր է կազմակերպությունը:

Այդքա՜ն կուսակցություններ, այդքա՜ն կազմակերպություններ:
Ալե՛քս ջան, գիտես մեր հարցը հենց սրանում է: Շա՜տ ունենք: Շա՜տ: Ջատող/ բաժանարար, հակասող, հակամարտ կազմակերպություններ: Եթե այս կազմակերպության, այս կուսակցության, այս թեմին ես պատկանում, մյուսին չես կարող պատկանել և ուրեմն դրան դեմ ես: Դրա դեմ ես պայքարում, «հակա» ես:
Անտարակույս, մեր կազմակերպությունների, եկեղեցիների կարիքն ունենք, առանց որոնց այսօր գոյություն չէինք ունենա: Սակայն միջազգայնության ձգտող աշխարհում մեկ, միացյալ, ո՛չ քաղաքական, այլ ֆինանսավորվա՛ծ կազմակերպության կարիք ունենք: Ո՛չ թե նոր, այլ մեկ, միացյալ կազմակերպության:

Վահե՛ ջան, կներես, հրեական կազմակերպությունը շատ եմ սիրում, առնվազն նրա անունը.

Միացյալ- ո՛չ բաժանված, ո՛չ բաժանող
Հրեական- ինքնուրույնության տեր
Ընկերային- ո՛չ քաղաքական, ո՛չ կուսակցական, ո՛չ եկեղեցական
Հիմնադրամ- դրա՛մ, դրա՛մ, դրա՛մ
Vahe dear, we certainly have our values. We still have to learn though.

Վահե՛ ջան, մենք մեր յուրահատուկ արժանիքներն ունենք, սակայն պետք է նաև ուրիշներինն էլ սովորենք:

Դաշտը ընդարձակ է, հունձը իրապես շատ, բայց աշխատողները՝ քիչ:
Ժամանակը կանցնի,
Պե՛տք է աշխատել,
Սկսե՛նք,
Պիտի՛ սկսենք,
Նորից կգրեմ
I will write again,
Շուտով…

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով