2020 թվականի ճակատագրական պարտությունը և Արցախի կորուստը բացահայտեցին ոչ միայն մեր աշխարհաքաղաքական խոցելիությունները, այլև Հայաստանի և Սփյուռքի միջև պառակտման խորությունը՝ ի ցույց դնելով հայ իրականության առաջնորդության սուր ճգնաժամը։
Սփյուռքի համայնքների անդամների հետ վերջին հանդիպումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը լիազորված չէ ստանձնելու Սփյուռքի պատասխանատվությունը։ Բայց արդյո՞ք պետք է ունենա այդ լիազորությունը։ Իր հայտարարություններով, ըստ էության, նա առաջնորդության և ուղղություն տալու պատասխանատվությունը վերադարձնում է հենց Սփյուռքին։
Այս պահը պահանջում է Հայաստան–Սփյուռք ավանդական հարաբերությունների վերանայում։ Հին «կենտրոն-ծայրամաս» մոդելն այլևս չի գործում։ Դրա փոխարեն մեզ անհրաժեշտ է հայկական ինքնության նոր՝ ընդգրկուն, բազմակենտրոն ընկալում, որը կխթանի ազգաշինության դաշնակցային և մասնակցային մոտեցումը, և կնպաստի մայրցամաքների միջև համայնքների համագործակցության խորացմանը։ Թույլ, բաժանված և առանց առաջնորդության Սփյուռքը ոչ միայն չի կարող արդյունավետ կերպով աջակցել Հայաստանին, այլև ի զորու չի լինի ծառայել իր համայնքներին միասնական տեսլականով։

Այս ոգով մենք մեծ ոգևորությամբ կազմակերպեցինք կլոր սեղան-քննարկում 2025 թ․ հունիսի 23-ին Ժնևի Հայկական կենտրոնում։ Մեր հիմնական հարցը հետևյալն էր․ «Ինչպե՞ս կարող ենք տեր կանգնել մեր համայնքներին՝ հատկապես հնարավորություններ ստեղծելով երիտասարդների համար, որպեսզի նրանք դառնան հաջողակ, ազդեցիկ և նվիրված անդամներ»։
Քննարկմանը մասնակցում էր DiasporArm նախաձեռնությունը՝ անկախ, ոչ մի կառույցի հետ չփոխկապակցված հարթակ, որի նպատակը հայկական Սփյուռքը Հայաստանի հետ միավորելն է։ Այս նախաձեռնության միացման և հզորացման տեսլականը ոգեշնչող ու արդյունավետ մթնոլորտ ստեղծեց՝ միաժամանակ ընդգծելով շվեյցարահայ համայնքի ներուժը՝ իր նշանավոր անհատներով, խիտ ասոցիատիվ ցանցով, արդյունավետ առաջնորդությամբ և դաշնային ֆինանսավորման մոդելով։ Այս ամենը կարող է առանցքային դեր խաղալ նորացված սփյուռքյան առաջնորդության ձևավորման գործում, որը կգերազանցի տեղական սահմանները և գլոբալ մակարդակով կծառայի հայկական գործին։
Հանդիպումը համախմբեց ավելի քան քսան նվիրյալ անհատների՝ գիտության, ֆինանսների և քաղաքացիական ներգրավվածության ոլորտներից։ Հուսադրող բազմաթիվ քննարկումներից կցանկանայինք հատկապես առանձնացնել Վահե Գաբրաշի ելույթը, ով ներկայացրեց շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների պատմությունն ու ներկայիս կառուցվածքը։ Վահեն պատմեց նաև երկու նոր, ոգևորիչ նախաձեռնությունների մասին, որոնցից մեկը հայկական դպրոցների գործունեության ընդլայնման, իսկ մյուսը՝ հայկական մշակույթի փոխանցման և նոր սերնդին համայնքային առաջնորդության մեջ ներգրավելու վերաբերյալ էին։
Այսպիսի նախաձեռնությունների միջոցով՝ գործնական քայլերով, որոնք լուծումներ են տալիս Սփյուռքի կարիքներին, մենք կարող ենք հավաքականորեն աշխատել դեպի ապագա տեսլական և առաջնորդություն։
Խորին շնորհակալությամբ բոլոր մասնակիցներին, և միասին կառուցվելիք ապագայի հանդեպ հույսով․
Vicken Cheterian
Յովէլ Շնորհօքեան
Ժնև – 2025 թ․, հունիս