Որոնում
Close this search box.

Պետք է նախ սահմանենք մեր թիրախի մակարդակը

Ստորև ներկայացված են «DiasporArm» հարթակի հիմնադիր Յովէլ Շնորհօքեանի՝ «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցի հիմնական դրվագները:

ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒ՞Մ ԵՆՔ ՀԱՋՈՂԱԿ ԱԶԳ ԴԱՌՆԱԼ՝ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՏԵՍԼԱԿԱՆ 20 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ:

Ներկայումս մենք ունենք 2 հայկական միաեղջյուր, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը՝ ոչ մի։ Թուրքիան, իր զարգացած տնտեսությամբ և շուրջ 85 միլիոն բնակչությամբ, նույնպես ունի միայն 2 միաեղջյուր: Արդյոք պե՞տք է գոհանանք մեր ունեցածով, թե պետք է նպատակ հետապնդենք գերազանցելու Էստոնիային, որ ունի 10 միաեղջյուր՝ 1.3 միլիոն բնակչության պարագայում:
Արդյոք ուզու՞մ ենք 20 տարվա ընթացքում 20 Նոբելյան մրցանակ շահել:
Դարերի ընթացքում հայերը գործուն ազդեցություն են ունեցել Եվրոպայում, Օսմանյան կայսրությանում, Ռուսաստանում և այլուր։ Արդյոք ցանկանո՞ւմ ենք վերականգնել այն դիրքը, որ ցեղասպանությունից առաջ ունեինք աշխարհակարգի մեջ:

Արդյո՞ք չպետք է կրկին ազդեցիկ ազգ դառնանք՝ հաշվի առնելով Հայաստանի առանցքային դերը Արևելքի և Արևմուտքի միջև, դառնալով հաշտարար միջնորդ Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Արդյո՞ք չպետք է ունենանք ազդեցիկ քաղաքական դեմքեր Եվրոպայում, Կանադայում և Ամերիկայում նախարարների և վարչապետների մակարդակով...

Այս նպատակին հասնելու համար կարիք ունենք կարող առաջնորդության, որը հազվադեպ և անգնահատելի տարր է:

Հաջողության նախապայմանները

Առաջին հերթին, պետք է ըմբռնենք ազգային պատկանելության ընկալումը՝ գիտակցելով, որ ՄԵԿ ԱԶԳԻ անդամ ենք:
Երկրորդ, պետք է հավասարակշռենք ներդրումները սփյուռքի և Հայաստանի միջև: Ներկայումս սփյուռքի ներուժի մեծ մասը ուղղված է դեպի Հայաստան, որն ինքնին արդեն իսկ բարգավաճ է: Սակայն շատ քչերն են, որ կենտրոնանում են հենց սփյուռքի կարիքների վրա: Կարևոր է հավասարակշռել այս իրավիճակը։

Նույնքան կարևոր է շոշափելի և ոչ շոշափելի արժեքների հավասարակշռումը՝ ներդրում ունենալով ոչ միայն տնտեսական առումով, այլ նաև մտածելակերպի զարգացման մեջ: Դա կարելի է իրագործել կրթության միջոցով:

Հստակեցնելով «կրթություն» հասկացությունը

Արևմտյան սփյուռքի այն շրջանակներում, որտեղ մեր երեխաների մեծ մասը հեռավորության պատճառով չի կարող հաճախել ամենօրյա հայկական դպրոցներ, ունենք միօրյա դպրոցներ, որոնք կենտրոնանում են բացառապես հայերեն դասավանդելու վրա: Կրթության մեջ ես ընդգծում եմ երեք հիմնական չափանիշ.

  1. Մշակութային ժառանգության փոխանցում, որը ներառում է լեզու, գրականություն, պատմություն և արվեստ:
  2. Գիտելիքներ և հմտություններ , որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:
  3. Արժեքներ , որոնք պարտադիր են նկարագիր և հաջող ազգ կերտելու համար:

Կրթության միջոցով պետք է տարածենք ազգային պատկանելիության ըմբռնումը:

Ներազգային հաղորդակցության ապահովումը

Ազգի մեջ տեսնում եմ երեք հիմնական բևեռ. Հայաստանի բնակչությունը, դասական սփյուռքը և նոր սփյուռքը:

Զարմանալի է, որ սփյուռքի երկու հատվածների միջև գրեթե կապ չկա: Երկու հատվածներն էլ պարփակված են: Թեև ենթամշակութային տարբերությունները արդարացնում են այս իրավիճակը, սակայն կարևոր է ստեղծել միացնող կապեր:

Վճռական հարց է նոր սփյուռքի ինտեգրումը իրենց համայնքներում և նրանց սոցիալ-տնտեսական զարգացումը: Օրինակ, նոր սփյուռքում համալսարանական ուսանողների թիվը շատ քիչ է:
Ո՞վ է պատասխանատու Հայաստանից գաղթած սփյուռքահայերի համար:
Ո՞վ պետք է ստանձնի այս մարտահրավերը:

Ներկա նախաձեռնությունները

«DiasporArm»-ը ներկայումս ունի երկու նախաձեռնություն.

  1. Սփյուռքի քարտեզագրում, որի նպատակն է ուսումնասիրել, հանրայնացնել և ընդլայնել անհատների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ազդեցությունը: Մենք մշակում ենք կենտրոնացված հարթակ, որտեղ օգտատերերը կարող են հեշտությամբ գտնել և կապվել աշխարհի այլ հայերի, հաստատությունների և մասնագետների հետ: Հայ համայնքը բաժանվում է 12 ուղղությունների, ինչպիսիք են՝ կրթություն, մշակույթ, երիտասարդություն, առողջապահություն և այլն։ Հարթակի հաջողությունը կախված կլինի տվյալների որակից և առանձնահատկությունից:
  2. Սփյուռքահայ համահայկական հարթակների հիմնում. Ֆրանսիայի վեց հարյուր հազարանոց հրեական համայնքը Միացյալ հրեական ընկերային հիմնադրամի միջոցով ունի վաթսուն հազար անդամ: Անդամավճարները կազմում են 12 միլիոն եվրո, որոնք Ֆրանսիայի կառավարությունը կրկնապատկում է՝ ստեղծելով 24 միլիոն եվրոյի բյուջե կրթության և համայնքային կարիքները հոգալու համար: ԱՄՆ-ում, «Հիլել» հրեական ուսանողական կազմակերպությունը Նոր տարվա ընթրիքի ընթացքում հավաքել է 100 միլիոն դոլար՝ միայն ուսանողական և կրթաթոշակային ծախսերը հոգալու համար։

Արդյունքն այն է, որ մինչև այսօր հայերը ունեցել են երկու Նոբելյան մրցանակակիր, իսկ հրեաները՝ 221։ Պետք է դուրս գանք կարծրատիպերից և նախապաշարումներից, որ հրեաները նման արդյունքների են հասնում իրենց քաղաքական կապերով. նրանք պարզապես ներդրում են կատարում կրթության մեջ։

Մենք խրախուսում ենք նման հարթակների ստեղծումը համայնքների առաջնորդությունը ստանձնելու համար:

Պետք է նաև հարմարվենք ներկա իրավիճակին․Արևմուտքի սփռված սփյուռքի և նախկին խորհրդային երկրներում գրեթե անգոյ ուսումնական հաստատությունների շրջանակներում ունենք առցանց կրթության հնարավորություններ, որոնք ավելի արդյունավետ և հասանելի են:

Առաջնորդելու կոչ

Սփյուռքում ունենք բացառիկ հաստատություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ՀԲԸՄ-ը, ԱՀԱԸ-ը, Հովնանյանը, ՀՕՖ-ը, ՀՕՄ-ը, ԱՄՆ-ի ԱՀՀ-ն, Ռուսաստանի ԱՀՀ-ն, Համազգայինը, Գյուլբենկյանը, ՔՈԱՖ-ը, «Թումո» կենտրոնը, Իզմիրլյանը, Փարոսը, Թուֆենկյանը և շատ ուրիշներ: Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր նպատակներն ու առաքելությունը, որ պետք է շարունակի: Սակայն կան «ծանրություններ», որոնք առանձին հնարավոր չէ բարձրացնել. դրանք պահանջում են հավաքական ջանքեր։ Անհրաժեշտ է, որ այս կազմակերպություններից որոշները համախմբվեն և համագործակցեն:

Մենք մեր ժողովրդի կրթական մակարդակը բարձրացնելու մարտահրավեր ունենք: Անհրաժեշտ է համագործակցել թե՛ իրար հետ, թե՛ կառավարության հետ: Մեր ցանկությունն ու առաքելությունն է այս կապերը հաստատել ու միասնաբար աշխատել՝ մեր ձգտումներին հասնելու համար: Այսօր, «CivilNet»-ի հարթակով իմ կոչն է, որ կազմակերպությունները և կառավարությունը համախմբվեն և միասնաբար դիմագրավեն այս մարտահրավերը:

Յովէլ Շնորհօքեան

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով