Հունիսին Երևանի՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը, որն հիմնադրված է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԱ) կողմից,կրկին անցկացրեց ամենամյա միջոցառում՝ նշելու 40 շրջանավարտների ավարտական հանդեսը։ «Այս տարվա շրջանավարտները լավագույնն են»,- ինչպես ամեն տարի, լսվում է բոլոր կողմերից: Եվ, իրոք, ամեն անգամ այս խոսքերը չափազանցություն չեն:
Չէ՞ որ այսօր մեծ կյանք է մտնում ավետիսյանցիների նոր հերթափոխը՝ շարունակելու եւ տարածելու ուսումնառության տարիներին ձեռք բերած լավագույն հատկանիշները՝ ազնվություն, աշխատասիրություն, նպատակասլացություն եւ, իհարկե, սեր եւ հավատ: Նրանցից շատերն արդեն իսկ ուսանող են՝ Երեւանի պետական, Հայաստանի ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարանների եւ այլ ուսումնական հաստատությունների:
Ավետիսյանների կողմից դպրոցի կառուցումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվել է հստակ առաքելությամբ․Երևանի տնտեսապես ամենաթույլ շրջանում անվճար և բարձրորակ կրթություն ապահովել բացառապես այս համայնքի երեխաների համար: Այսօր դպրոցն ունի ավելի քան 700 աշակերտ՝ արևելահայերեն և արևմտահայերեն ուսումնական ծրագրերի շնորհիվ կամուրջ կառուցելով այս երկու մշակույթների միջև: Այն Հայաստանում միակ դպրոցն է, որ ստացել է «LEED Earth Silver» հավաստագիր իր կայուն դիզայնի շնորհիվ՝ ունենալով արևային վահանակներ և կանաչ տանիք: Ավետիսյան դպրոցը ավելին է, քան պարզապես դպրոց. այն ներառական, առաջադեմ կրթության խորհրդանիշ է: