Որոնում
Close this search box.

Հանգուցյալ դեսպան Ռուբեն Շուգարյանի ժառանգությունը

Թավշյա հեղափոխությունից հետո, բայց 2020 թ. պատերազմից առաջ, դեսպան Ռուբեն Շուգարյանը, որը կյանքից հեռացավ երիտասարդ հասակում, 57 տարեկանում՝ 2020 թ. սկզբին, գրել է.
«Այն, ինչ Հայաստանը լիովին չկարողացավ իրականացնել մինչեւ 1997 թ. Ռուսաստանի հետ բարեկամության եւ համագործակցության պայմանագրի ստորագրումը, դեռ կարող է իրականացվել, եթե նույն սխալները չարվեն կրկին: Դա անելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով համապատասխանեցնել մի շարք արտաքին եւ ներքին նախադրյալներ:

Անկախությունը վերականգնելուց քսանհինգ տարի անց, իր ինքնիշխանության ամրապնդման աշխարհաքաղաքական այլընտրանք ստեղծելու երկրորդ փորձից առաջ Հայաստանը պետք է համոզվի, որ հետեւյալ խնդիրները համարժեք լուծում են ստացել.

1. Հայաստանը պետք է իր տանը կարգուկանոն հաստատի: Սա, անկասկած, դժվար գործ է, որը հնարավոր չէ իրականացնել մեկ օրվա մեջ: Այնուամենայնիվ, դեռեւս հույս կա, որ ձեւավորվող քաղաքացիական հասարակությունը դա անելու համար բավականաչափ արագ արդյունավետ միջոցներ կգտնի՝ կանգնեցնելու համար մարդկանց զանգվածային արտագաղթը եւ վերականգնելու Հայաստանի հեղինակությունը՝ որպես Կովկասում ժողովրդավարության կղզյակի: Կոռուպցիայի եւ սոցիալական անարդարության դեմ պայքարը գոնե պետք է հասնի նախագահ Սաակաշվիլիի Վրաստանի մակարդակին՝ նրա առաջին պաշտոնավարման ընթացքում:

2. Այն պետք է համաձայնեցնի մշտապես եւ կրկին հակամարտող պետական ու ազգային շահերը՝ որոշակի նախապատվություն տալով առաջինին: Հայաստանի դեպքում, չնայած այն միատարր երկիր է, այս երկու հասկացությունները նույնական կամ հոմանիշ չեն: Առաջինը պատկանում է նոր, հետանկախական մտածելակերպին, որը ամբողջովին ձեւավորված չի եղել եւ չի ընկալվել ազգային մակարդակում. երկրորդը պնդում են ավանդական մտածողության ջատագովները: Հասկանալի պատճառներով՝ Սփյուռքն ավելի շատ է վերջինիս բնական կրողը, բայց նույնիսկ աշխարհի 90 երկրներում տարածված հայկական համայնքներում պետք է կամք լինի՝ գտնելու ճիշտ հավասարակշռություն երկուսի միջեւ՝ այդպիսով հաշվի առնելով մինչ այժմ սխալ ընկալված եւ հաճախ թերագնահատված պետության շահը: Հաշտվել նոր իրողության հետ՝ նշանակում է հասկանալ ինքնիշխանության բարձրագույն արժեքը՝ դարերով առանց պետականության գոյություն ունենալուց հետո:

3. Ազգային ինքնության վերաբերյալ լուրջ քննարկում, որը կարող է հանգեցնել համահավանության՝ այն հարցի շուրջ, թե որտեղ է գտնվում Հայաստանը մշակութային եւ քաղաքական առումով, եւ ինչպիսի ընտրություն պետք է կատարել երկրի համար ավելի բարեկեցիկ, կայուն եւ անվտանգ ապագա ապահովելու նպատակով: Նման քննարկումը չպետք է գաղափարախոսականացվի (ideologize) եւ կաշկանդված լինի ազգային անվտանգության իրական ու ենթադրյալ մտահոգությունների՝ երբեք չփոխվող շարքով. մտահոգություններ, որոնք պետք է լուծվեն այլ տեղում: Ինքնիշխանության հնարավոր կորուստը պետք է դրվի այս շարքի վերեւում՝ որպես անվտանգության հիմնական սպառնալիք: Այս քննարկման արդյունքը կարող է լինել երկարաժամկետ ինքնագիտակցությունը, որը, ի վերջո, կուրվագծի Հայաստանի ապագայի իդեալական նպատակը միջազգային հանրության համար. ուրվագծում, որը չի խոչընդոտվում դրան այսօր հասնելու անհնարինությամբ, բայց ներդաշնակ է ազգի բնական եւ գիտակցված ընտրության հետ»:

Ռուբեն Շուգարյանը ամենահմուտ դիվանագետներից եւ ազդեցիկ մտավորականներից մեկն է, եւ այս հանգամանքը նրան բարձր կարգի որակավորում էր հաղորդում՝ ընդհանուր դիտարկումներ եւ առաջարկություններ անելու համար: Նա տիրապետում էր հսկայական գիտելիքների ու փորձի՝ համաշխարհային (Ռուսաստան) եւ տարածաշրջանային (Թուրքիա, Իրան) տերությունների ծավալապաշտական ռազմավարության, ինչպես նաեւ Արեւմուտքի այն շահերի վերաբերյալ, որոնք համապատասխանում էին Ադրբեջանի շահերին: 2018 թ. ապրիլի 15-ին լույս տեսած իր գրքի վերջաբանում Շուգարյանը ներկայացրել է դիվանագիտական բաղադրատոմսեր, որոնք կարող էին կանխել գալիք աղետը: Ցավոք, նրան չէին հետեւում թավշյա հեղափոխության առաջնորդները. այդ հեղափոխությունը մի իրադարձություն էր, որի հետ նա մեծ հույսեր էր կապում: Պատմությունը սովորեցրել է նրան, որ հենց փոքր երկրներն են ամենաբարձր գինը վճարում խոշոր երկրների հետ կապված հակամարտությունների համար։ Շուգարյանը կոչ էր անում անմիջական գործընկերային հարաբերությունները բարելավել, առաջին հերթին, սեփական հարեւանների հետ:

Ավելորդ է ասելը, որ նրա խոսքերը մնացին աննկատ:

«Սպիտակ թուղթ». 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

Հուլիս, 2021 թ․

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով