Որոնում
Close this search box.

Վերաիմաստավորելով սփյուռքը

Թեև հասարակության լայն շերտերը վերջին երկու տասնամյակների ընթացքում ենթարկվել են արմատական վերափոխումների, հայկական սփյուռքի համայնքները չեն ընդունել զարգացման հետևյալ ասպեկտները․

Համացանցը հեղափոխել է հասարակության հարացույցը՝ թույլ տալով անհատներին արտահայտվելու և ազդեցություն գործելու՝ դրանով իսկ իշխանությունը տեղափոխելով ընտրված մարմիններից դեպի զանգվածային խմբեր: Այս երևույթի պատկերավոր օրինակը տեղի ունեցավ 2022 թվականի դեկտեմբերին, երբ ֆեյսբուքյան մի խումբ կազմակերպեց գնացքների գործադուլներ, որոնք փաստացի խափանեցին ֆրանսիական TGV-ի և միջքաղաքային գնացքների 60%-ը՝ նույնիսկ ամենաազդեցիկ արհմիություններին թողնելով զուտ հանդիսատեսի դերում։
Քաղաքացիական հասարակությունը ներառող կառույցների աճի միտում կա, ինչպես օրինակ պատահեց Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մելանշոնի պարագայում, որն ակտիվորեն ներգրավում էր կուսակցության անդամներին որոշումներ կայացնելու գործընթացների մեջ։ Արդյունքում, չնայած տնտեսագետների կողմից անհնարին համարվող ծրագրին, նա 2022 թվականի նախագահական ընտրություններում հավաքեց ձայների 21,75%-ը, մինչդեռ պատմական սոցիալիստական կուսակցությանը հաջողվել էր ապահովել միայն 1,75% աջակցություն։

Արևմուտքի երիտասարդության շրջանում քաղաքական հետաքրքրության նվազման մտահոգիչ տենդենց կա։ 2022 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում 18-24 տարեկան երիտասարդների 41%-ը որոշեց ձեռնպահ մնալ՝ ի տարբերություն մնացած բնակչության 22%-ի ձեռնպահության։ Այս միտումը կարծես թե ազդում է նաև Սփյուռքի հայ երիտասարդների վրա, որոնք էական անհետաքրքրություն են դրսևորում հայաստանյան քաղաքականության նկատմամբ․ նրանք անտարբեր են Հայաստանում ընտրությունների և վարչակարգի փոփոխության կարևորության նկատմամբ։

Մեկ դարի ընթացքում սփյուռքի համայնքները զգալի վերափոխումների են ենթարկվել՝ հարմարվելով իրենց հյուրընկալած երկրներին և մշակութապես հեռանալով թե միմյանցից, թե հայրենիքից: Անհավանական է թվում, որ սփյուռքում կձևավորվի մարմին կամ սփյուռքը կարող էր կառավարվել «կենտրոնից»։

Փարիզի, Մոնրեալի, Բոստոնի և Լոս Անջելեսի հայկական համայնքները նմանատիպ են․ բնութագրվում են բևեռացված կազմակերպություններից բաղկացած կառույցներով, որոնք տասնամյակներ շարունակ գրեթե անփոփոխ են մնացել։ Այնուամենայնիվ, մեզ համար կարևոր է հասարակության բարեփոխումներին հարմարվելը ՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները․

Թեև արևմտյան հասարակությունները կարող են գործել առանց իրենց եկեղեցիների, քաղաքական կուսակցությունների և հաստատությունների, հայկական սփյուռքը մեծապես հենված է այս կենսական բաղադրիչների վրա: Մեր դպրոցները, մեր մշակութային, հասարական և մարզական կազմակերպությունները, ինչպես նաև մեր մամուլն իրենց գոյության համար պարտական են մեր համայնքային կառույցներին։ Մեզ համար անչափ կարևոր է զարգանալ իմաստուն կերպով՝ փոխադարձ հարգանք տածելով ավանդական կառույցների և նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության միջև։

Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները պետք է զարգանան ներկայիս «կենտրոն-ծայրամաս» մոտեցումից դեպի ավելի ընդգրկուն և բազմակենտրոն հայկական ինքնության, որը դաշնակցային ձևով նրանց միջև կամրապնդի կապն ու համագործակցությունը ։

Մեր երիտասարդներին պարզապես քաղաքականությամբ զբաղվելու կոչ անելու փոխարեն, անհրաժեշտ է նրանց հզորացնել և ապահովել սեփականության զգացումով՝ դրանով իսկ կերտելով նրանց ապագան, որտեղ նրանք կարող են դառնալ հաջողակ և ազդեցիկ անդամներ։ 

Սփյուռքի յուրաքանչյուր կենտրոնում գոյություն ունեցող ավանդական կառույցների կողքին մենք պետք է նպաստենք համայնքի կրթական, սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման խնդիրները լուծող՝ ժողովրդին միավորող մարմինների աճին։Նոր մարմինները պետք է նպատակ ունենան լինել ուժեղ, միավորող և կայուն՝ ոգեշնչվելով հաջողության հասած այլ փոքրամասնություններից։

ՀՀ-ում իրար հաջորդող կառավարությունների ուղերձը նույնն էր. «Արի՛ տուն», վերադարձի՛ր տուն, տո՛ւր՝ չունենալով կենսունակ, ծաղկող սփյուռք պահելու տեսլականը։ Սփյուռքի համայնքները պետք է զարգանան ինքնուրույն և անկախ։

Ես հրավիրում եմ տեսլական ունեցող և համայնքային կյանքում ներգրավված անհատներին՝ իրենց գործուն մասնակցությունը բերելու մեր համայնքային կառույցների համար նախագիծ մշակելու գործընթացում, գործելու տեղում գլոբալ տեսլականով՝ նպատակ ունենալով միավորել մեր ազգի հավաքական ուժերը։

Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր կցանկանան ընդունել արձագանքելու մարտահրավերը:

Յովէլ Շնորհօքեան
hovel@diasporarm.org

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով