Մեկ մարմին

Yesterday I was busy all day with my phone calls and meetings. Just managed to be free at six in order to reply to my emails. At eight I grabbed something to eat and contacted Ani for our daily Skype meeting: We spoke.

Բաց նամակ

Սիրելի Յակոբ,

Ժամը չորսն է: Առավոտյան չորսը:

Անկողին մտա մեկն անցած:

Գործերի մեջ թաղված եմ:

Երեկ ամբողջ օրը հեռաձայնային կապերով ու հանդիպումներով էի զբաղված: Հազիվ ժամը վեցին ազատվեցի և անցա էլ-նամակներին պատասխանելու: Ժամը ութին արագ մի բան կերա ու զանգեցի Անիին՝ սկայպի մեր հանապազօրյա ժողովի համար։ Խոսեցինք, թե որ հաճախորդից ինչ պատվեր կա, որ երկիրը ինչ հարց ունի. Ֆրանսիա, Իսպանիա, Ամերիկա, Գերմանիա... ու թե ինչպես է տղաների գործն առաջ գնում: Երվանդը «ֆոտոշոփ»-ի վրա է աշխատում, արվեստագետ է: Շիրազը «Ամազոն»-ի հաճախորդներին է պատախանում՝ մեկ առ մեկ, ամենայն քաղաքավարությամբ, յուրաքանչյուրին իր լեզվով: Դավիթը, իրեն հատուկ խստապահանջությամբ, համացանցի կայքի ու տվյալների բազայի վրա է աշխատում: Սիրանուշը և Աննան սիրահոժար հասնում են, երբ իրենց կարիքը կա: Բոլորից գոհ եմ: Բոլորն էլ ընդունակ են: Ամենից կարևորը, բոլորն էլ լավ մարդիկ են:

Ժամը տասն է արդեն: Անիի՝ Էջմիածնիժամով, կեսգիշեր է: «Պարո՛ն Յովէլ, էլեմենտներս նստեցին, ուղեղս դանդաղում է: Կարելի ա՞ վաղն առավոտ շարունակենք»: Ճիշտ այդ պահին հեռաձայնիցս նամակի ազդանշանն եմ լսում։ Առանց հեռաձայնի կողմը նայելու Անիին ասում եմ. «Անշու՛շտ», բայց երկուսս էլ գիտենք, որ «վաղը առավոտյան» պիտի սկսենք նո՛ր օրվա նույն խենթ վազքը, և մեր հանդիպումը կհետաձգվի մինչ երեկոյան ժամը ութը, ինը, այն էլ եթե խեղճ Անիի հերթը հասնի:

Այդպես, ես Փարիզում եմ, իրենք՝ Հայաստանում. մեկը՝ Երևան, մյուսն՝ Էջմիածին, մեկը՝ Գյումրի, մյուսները՝ այլուր, գործ ենք անում, յոլա ենք գնում: Նա, ով ներկա շուկայի օրեցօր աճող մրցակցության պայմաններում ժամանակակից հաղորդակցման միջոցներին, թվայնացմանն ու միջազգայնացմանը հարմարված չէ, լինի դա Ալֆորվիլի նպարավաճառը թե Բուրջ Համուդի ադամանդաշարը, գործի և ընդհանրապես կյանքի պատերազմը արդեն տանուլ է տվել։.

Անին աչքիս լույսն է: Զարմիկս, Յարութը՝ Ավետարանչականի պարոն Ներսեսեանն էր մեզ իրար ծանոթացնողը, ասելով. «Չեմ գիտեր եթէ գործի մէջ կարող է, սակայն հաստա՛տ լավ մարդ է»: Անին լա՛վ մարդ է՝ խոնարհ, ազնիվ, ազնվական, անձնվեր, ուղիղ: Նաև ընդունակ, առողջ դատողության տեր, ուշիմ, վստահելի։ Տիրապետում է իսպաներենին, ռուսերենին, անգլերեն նամակներս ինքն է սրբագրում: Ո՞վ էր երեկ հայաստանցիներին մրոտողը: Լա՜վ: Ինչ որ մեկի հարևանի զարմիկը սխալ ներդրում է արել, չհասունացած գաղափարով՝ առանց շուկան ուսումնասիրելու, առանց անհրաժեշտ զգուշության գործի մեջ է նետվել... Բա՛վ է, մի քիչ մտավորական ամբողջություն ունեցեք: Նույնի՛սկ եթե... Ճիշտ չէ ամբողջ ժողովրդին մրոտել մի քանի խուլիգանի պատճառով, լինեն նրանք բարձրաստիճան, թե՝ հասարակ հայ:

                                                      ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ժամը չորսն է: Առավոտյան չորսը:

Անկողին մտա մեկն անցած:

Վերջին երկու օրվա լուրերը,

Երեկ գիշերվա խոսակցությունս...

Քունս չի տանում: Վեհափառ Հայրապետը համաժողով է կազմակերպել՝ ինձ խիստ մտահոգող վերնագրով. «Սփյուռքահայի ինքնությանը դիմագրավող վտանգներն ու մարտահրավերները»: Վեհափառ Հայրապետը երեսունից ավել մտավորական է հրավիրել այս նյութը քննարկելու: Անիի հետ ժողովը չավարտած, հեռաձայնիս կարճ հաղորդագրություն ստացա ժողովականներից մեկից. «Բարև Յովել, առիթ կա, խոսենք»։ Զանգեցի, խոսեցինք: Տեղեկացրեց. «Ժողովը շատ լավ է ընթանում, երբեմն սուր բանավեճերով»։

Միտքս ընկավ երևանյան մի խոսակցություն. «Ձեր արևմտահայերենը, արևելահայերենի բառամթերքի հարստությունը չունի»: Արյունը գլխիս պիտի խփեր, պիտի ասեի, եթե «ձեր» լեզվից վերցնենք, պետրուշկան ու գազարը, էկրանը ու պապկան, հաղորդակցության լուրջ հարց կունենաք: Նախ «իրենք» Ա, Բը, Գը-ի փոխարեն թող Այբ, Բեն, Գիմ ասել սովորեն, հետո, ուղղագրությունը մոռանանք, փոխանակ բարբարոսական լատինական տառերին, մեսրոպյան այբուբենը թող գործածեն իրենց էլ-նամակները գրելիս։ Բացատրում են, ասելով, թե հնարավորություն չունեն: Իրենց մոտ Եչը «E»-էն է, Խէն կամ Ղաթը «X»ը, Ըթը՝ շնիկը: Ահա մի օրինակ. «neroxutyn em x@ndrum vor anhang@stacnum em Dzez. bayc ayl elq chunem»: Եթե կարող ես՝ գլո՛ւխ հանիր, բա՛ն հասկացիր:

Անշուշտ ոչինչ չասացի: Մարդը մասամբ իրավունք ուներ: Որոշ արհեստավարժական՝ այսպես ասած պրոֆեսիոնալ, կամ ճարտարարվեստի ուսմունքի՝ տեխնոլոգիայի եզրերի մեջ, իրենք ունեն նոր բառեր, որ արևմտահայերենը դեռ չի մշակել, կամ ավելի ճիշտ, չի ներմուծել հայրենիքի մշակածները: Իրենք «ԷԴ»ին «շնի՛կ» են ասում: Ի՛նչ գեղեցիկ պատկերացում: Կարծես թե կապը, այսպես, @ շնիկի վզի շուրջ փաթաթած լինեին: Թեկուզ բառը ներշնչված է ռուսական մտածողությունից, ինչու՞ մենք էլ «ԷԴ»ի փոխարեն չօգտագործենք «շնիկը»: Ավելի կարևոր է, հենց արևմտահայերենի մեջ վերամշակել հնչյունների հարստությունը, Գիմի և Քէի, Դայի եւ Թոյի զանազանումը:

Հարգված ադամանդավաճառ Վռամն է զանգում Երևանից։ Վռամը, ադամանդավաճառությամբ զբաղվելուց առաջ պատմագետ է եղել, Կալկաթայի հայոց մարդասիրականճեմարանում ուսուցչություն է արել և հանկարծակի մի սայթաքումով ընկել է առևտրի մեջ: Իր «նախորդ կյանքից» պահել է սակայն մտավորականի իր հայացքն ու վեհ հոգին։

Մեր վերջին հանդիպմանը, Հոնկոնգի գոհարեղենների ցուցահանդեսին, օրվա ընթացքում գործը թողել գնացել էր Լորդ Խաչիկ Չաթերի շիրիմը ծաղկեցնելու: Երեկոյան, ընթրիքի ժամանակ, պատմում էր, թե ինչ դժվարությամբ էր գտել մեծ բարերարի գերեզմանը, վրդովված ավելացնելով, թե «մարդու» գերեզմանը լքված ու անխնամ էր այնքան, որ գերեզմանաքարի վրա անունը չէր կարդացվում: Հաջորդ օրն իսկ լաթ, օճառ, խոզանակ, ներկ, վրձին վերցրած, հետն էլ երկու հոգի, գնացել էր շտկելու, մաքրելու և անվանագրերը ներկելու: Այսպիսի մարդի՞կ էլ կան. կա՛ն: Հայաստանում է՛լ ավելի կան:

Լորդ Փոլ Խաչիկ Չաթերը (Աստվածատրյան, ծն. 1846թ), ճանաչված է որպես Բրիտանական գահի «գոհարի» իրականացման գլխավոր դերակատար-ճարտարապետ՝ «Հոնկոնգի իշխանը»։ Ութ տարեկանում որբացած և իր գործը զրոյից հսկա կայսրության հասցրած գործարարի մեծ բարերարությունների շնորհիվ մինչ օրս կանգուն են նրա ծննդավայր Կալկաթայի Սբ. Նազարեթ հայկական եկեղեցին ու հայոց մարդասիրական ճեմարանը։

Սուրբ Էջմիածնից զատ, Լորդ Չաթերը մեծ նվիրատվություն է արել իր հաճախած «Լա Մարտինիեր» դպրոցներին, ուր առ այսօր աշակերտներն իրենց առավոտյան աղոթքը նախորդելով հատուկ օրհներգով, այն սկսում են իր հայրենիքում մոռացված բարերարին օրհներգող հետևյալ տողով. «Շնորհակալ ենք քեզ Փոլ Չաթեր, մեր բարերար...»։ Իսկ մե՞նք. տե՞րն ենք մեր թողած շիրիմների, նյութականից անդին` արժևորում ե՞նք հոգևորը, մեր նախնիների հետ կապը:

Ու՞ր էի: Հա՛, Վռամը զանգեց և ասաց. «Կարդացի վերջին գրությունդ, ըմբոշխնեցի ձեր արևմտահայերենի գեղեցկությունը, վայելեցի բառերի նրբությունը»։ Այսպիսի մարդի՞կ էլ կան. կա՛ն:

Հայաստանում է՛լ ավելի կան:

˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜

Քունս չի տանում:

Բացում եմ համակարգիչս,

Դիտում ձեր խմբային նկարը:

Վաղուց չենք տեսնվել: Առաջին շարքում կանգնած՝ ձախից առաջինը, բնա՜վ չե՛ս փոխվել: Երկրորդ շարքում նկատում եմ մեր արժեքավոր Անդրանիկին՝ ժպիտը դեմքին։ Աջից՝ Վարդանն է, ձախից՝ Իշխանը. այսպիսի երկու լավ մարդկանցով շրջապատված՝ չժպտա՞: Նկատում եմ«Ազդակ»-իխմբագիր իմ սիրելի Շահանին: Սևակը չի երևում, վստահաբար ճամփորդության է:«Արարատ»-ի տիկին Եփրեմեանին չեմ հանդիպել: Արդյո՞ք ներկաների մեջ է:

Մտածում եմ, թե ինչու Անթիլիասում չեք հանդիպել: Հա՛, Պիքֆայան կաթողիկոսարանի ամառանոցն է. օդը հիմա լավ է այնտեղ այս եղանակին: Սակայն հեռու՜ ազգի, Սփյուռքի նոր ձգողական կենտրոններից. Մոսկվա, Լոս Անջելես, Փարիզից։ Մտածում եմ, արդյո՞ք Սուրբ Գրիգոր Լուսավորչի պանդուխտ աջը, որ չորրորդ դարից ի վեր անդադար փոխադրվելով Դվինից Անի, Անիից Վան, Վանից Սիս, Սիսից Անթիլիաս, ու դեռ անցնելով ուրիշ քաղաքներով, պե՞տք է որ նորից Լուսավորչի աթոռի հետ միասին փոխադրվի ու մոտենա ժողովրդին:

Չէ՛, կարևոր չէ: Ներկայիս հաղորդակցության, կապերի գործածման, թվայնացման ու միջազգայնացման դարում տե՛ղը կարևորություն չունի: Կարևորը համասփյուռքյան գիտակցություն ունենալն է, տարբեր համայնքների աչքերով աշխարհը տեսնելու կարողությունը: Բոլորի՛ աչքով: Բոլորի՝ իրենց աշխարհագրական, լեզվական, գաղափարախոսական և սերնդային տարբերությունները նկատի առնելով: Ձեր ալևորաց խմբի մեջ, ետևի շարքում, աչք են զարնում փոքրամասնություն կազմող երկու սիրուն երիտասարդ օրիորդներ, որոնք ներկաների մեջ հիսունից ցածր տարիքի երեք կամ չորս անձերից երկուսն են:

«Աստված օգնական, Վեհափա՛ռ Հայր, Ողջունում եմ Մեծի Տանն՝ այս ժողովը կազմակերպելու նախաձեռնությունը: Ողջունում և շնորհակալությունս եմ հայտնում այսքա՛ն վաստակավոր մարդիկ ձեր շուրջ հավաքելու համար: Աստված թող ձեր ցանած հունդը աճեցնի, բազմապատկի: Խնդրում եմ, որ Ձեր հոգատար մտահոգությունը Արևելքի հորիզոնն անցնի և հասնի մեզ, որ Ձեր սքեմի քղանցքը տարածվի մինչև արևմտյան ալեկոծ ափերը։ Արևմուտքի ափերին նաև մե՛նք ունենք պատրաստված փայլուն երիտասարդներ` ձեռքի մատերի վրա հաշված, ինչպիսիք են գրաբարաբան Շահան Վիտալը,լրագրող Տիգրան Եկաւեանը եւ բազմատաղանդ Վահան Գերովբեանը,որոնք նոր լուսամուտներ բանալու ընդունակ երիտասարդներ են:

Թող ձեր շուրջ հավաքված ազգի վաստակավոր գործիչները տեսնեն լուսամուտից ներս թափանցող լույսի շողը, տեսնեն և ոգևորվեն: Թող հարցերը քննելուց զատ` տեսնենք հայապահպանության փայլուն օրինակներ` հաջող լուծումներ, և տարածենք: Ի մի բերենք, ժամանակ չկա: Ահա արևի տակ դրված ձյան պես հալչում ենք»։

Ո՛վ Պիքֆայայի ժողովականներ, բոլորի նման` մտահոգ եմ ազգով, ազգի ապագայով: Պետք է համընթաց քայլել գիտական և հաղորդակցության արդի առաջխաղացի հետ: Հասկանալ` ի՛նչ է արհեստական բանականություն, արդի հաղորդակցության միջոցների գործածությունը ընդհանրացնել, զարգացնել «Վիքիպեդիա»-յի, Յու Թուբի հայկական ծրագրերը, Զանգվածային Բաց Առցանց Դասընթացների կրթական ծրագրեր մշակել և բուռն կերպով տարածել։ Եթե ոչ` ինչպե՞ս պիտի ձեռք մեկնենք Արևմուտքի պատանիների 98 տոկոսին, որոնց համար հայկական դպրոցը հասանելի չէ:

Մտահոգություններս վերջ չունեն: Կան նոր և փոքր գաղութները` Նանտի, Ռոթերդամի, Բարսելոնի, կա Կրասնոդարիհիսուն հազար հայությունը, քաղաք, ուր ո՛չ հայկական դպրոց և ո՛չ էլ հայկական եկեղեցի կա, ուր հայերն իրենց նորածիններին կնքում են ռուս ուղղափառ «քույր» եկեղեցում:

«Աստուած օգնական, Ամենայն Հայոց Վեհափառ Հայր։

Խնդրում եմ, պատուիրէք Ձեր հօտի անդամներին, որ սպասեն ամառային արձակուրդներին՝ գալու Մայր հայրենիք եւ նրա Մայր Եկեղեցու մէջ իրենց զաւակներին կնքելու:

Խնդրում եմ, բացատրէք Ձեր հօտին՝ ժողովրդին, ճիշտ բացատրէք, թէ ռուս ուղղափառ քոյր եւ զոյգ դուստր հայ եկեղեցիներից ո՛րն է մեզ հարազատ:

Խնդրում եմ, զգուշացրէք, որ հայ կաթոլիկ եւ աւետարանական կղերականը աւելի հարազատ է, քան օտարի՝ իկոնապատ խնկաբոյր եկեղեցու, իր մորուքով ու վեղարով հարազատ թուացող քահանան, որ ակամայ սուր ակռաներով յափշտակում է մեր՝ Ձեր հօտի գառնուկներին՝ սուրբ մկրտութեան օտար կնիքով:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայր, թող Ձեր իմաստութեամբ լի խրատները, հայրական գոհաբանական օրհնութիւնները եւ քրիստոսավայել հեզահամբոյր Սէրը իջնեն Ամենայն հայոց վրայ եւ տարածուեն անդին. բնականաբար, ինչպէս Առաքեալն է գրում՝ «նախ՝ ազգակցիս, յետոյ՝ օտարին»:

«Սիրելի՛ս, այս օրերիս ամեն բանի ժամանակակիցը հարգի է»...

Նկարող ապարատի ու համակարգչի,

Խոհանոցի ու հագուստ-կապուստի,

Մտածելակերպի ու վարվելակերպի,

Արժեքների ու բարոյականի:

Հինը ծալում, հավաքում, մի կողմ ենք դնում,

Պահարանից՝ ձեղնահարկ, ձեղնահարկից՝ աղբաման,

Հինը մի կողմ դնում, թափում ենք, այրում,

Այրում-թափում ենք՝ թացը չորի հետ խառնած։

«Հին» կահկարսիները նետում, Իկեան ենք պահում

Քիբորդ ենք պահում՝ թուղթն ու մատիտը նետելով,

Նետում խոհանոցը, պահում ենք ֆասթ ֆուդը,

Նետում հարաբերությունները, պահում ենք «մեսիջները»,

Նետում ենք ընտանեկան սրբությունը, պահում՝ ազատականությունը

Նետում ենք դասականը, գեղեցիկը, պահում՝ ժամանակակիցը։

Սիրելի՛ս, այս օրերիս ամեն բանի ժամանակակիցը հարգի է...

Ո՜վ Պիքֆայայի ժողովականներ, մի նյութ կուզենայի դնել ձեր սեղանին: Որպես ազգ՝ պիտի ունենա՞նք երկճյուղ մե՛կ լեզու՝ մե՛կ ուղղագրությամբ: Ո՞վ է որոշողը: Ճիշտ չէ՞ր լինի արդյոք դասականը, արմատականը՝ Մեսրոպեան ուղղագրությունը պահել:

Հրեաները, նորի՛ց իրենք, անցյալ դարասկզբին հանդուգն հաստատակամությամբ որոշեցին իրենց ժամանակակից իդիշը փոխարինել դասական եբրայերենով: Մեռած լեզուն կենդանացրին:

Այսօր ուղղագրության ընդհանրացումն ունի ռազմավարական նշանակություն: Գեղեցիկն ու արմատականը պահելու սկզբունքից անդին՝ նաև ռազմավարական կարևորություն ունի արևմտահայերենի՛ անվտանգությունը:

Ո՞վ պիտի որոշի: Քաղաքական այրե՞րը, թե՞ ձեր նման՝ տեսլականի տեր մտավորականները:

Խնդրում եմ, հաջորդ ցուցահանդեսից՝ շոուից առաջ, եզրակացությա՛ն եկեք:

Հոգևո՛ր Հայրեր, Հայրապետնե՛ր, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ դո՛ւք կարող եք այդ որոշումը կայացնել: Մեր երկճյուղ ծառի մի ճյուղը եթե հանկարծ, Աստվա՛ծ չանի, չորանա, կվտանգվի արդեն երկրորդ ճյուղը, ապա ինքը` ծառը:


«Ժողովը շատ լավ է ընթանում. երբեմն սուր բանավեճերով»:

 Սիրելի՛ եղբայրներ, Պիքֆայայի՛ ժողովականներ, խնդրում եմ ձեզ և ձեր ժողովի հարգելի բացականերին, միացե՜ք՝ մե՛կ մարմնի պես:

«Արդարեւ՝ ինչպէս մէկ մարմնի մէջի ունինք շատ անդամներ, եւ այդ բոլոր անդամները միեւնոյն պաշտօնը չունին, նոյնպէս մենք՝ շատ ըլլալով՝ բոլորս ալ մէ՛կ մարմին ենք:» *  

Լինե՛ք հայաստանցի, թե սփյուռքահայ,

լինեք արևելահայ, թե՛ արևմտահայ,

լինեք էջմիածնական, թե՛ անթիլիասական,

լինեք դաշնակցական, թե՛ հնչակյան, թե ռամկավար

թե՛, առաքելական, թե՛ կաթողիկէ, թե՛ ավետարանական

թե՛, պոլսահայ, թե լիբանանահայ՛, թե՛ պարսկահայ,

եվ դեռ լինեք դեմոկրատ թե՛ լիբերալ, թե համա-ատլանտիստ, թե համա-պուտինիստ:

 « . . . Ուրեմն եղբայրներ, ինչպէս մարմնին բոլոր անդամները զանազան են սակայն մէ՛կ մարմին են. Աչքը չի կրնար ըսել ձեռքին. «Պէտք չունիմ քեզի», եւ ո՛չ ալ գլուխը՝ ոտքերուն. «Պէտք չունիմ ձեզի»: Կ՚աղաչե՛մ ձեզմէ ամէն մէկէն, Աստուծոյ կարեկցութեամբ, որ ամէն մէկը իր մասին աւելի բարձր համարում չունենայ՝ եւ ինչ որ պէտք է մտածէ, խոհեմութեա՛մբ մտածէ։ Իրարու հանդէպ գորովալի՛ց եղէք՝ եղբայրական սիրով. պատուելու մէջ՝ զիրա՛ր գերադասեցէք: Փութաջանութեան մէջ ծոյլ մի՛ ըլլաք. եռանդո՛ւն հոգիով ծառայեցէք, որչափ կարելի է ձեզի՝ խաղաղութի՛ւն պահեցէք ամէն մարդու հետ:»*

Մաղթեմ, որ Վեհափառ Հոր տված կայծը տարածվի՝ լույս սփռելով աշխարհի չորս ծայրերը:

Ժողովականներին մաղթեմ «մանանեխի չափ հավատք»**, որ լեռները տեղափոխեն:

Լինենք Մի՛ Մարմին՝ զինված արժեքներից մեծագույնով՝ գերազանց Սիրով։

* 1 Կորնթ. 12, Հռոմ. 12

** Ղուկաս 17:6

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով