Հայաստանը դեռ հանդիսանում է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ կարևոր խաչմերուկը, որտեղ ռուսն ու ամերիկացին հանգիստ են զգում: Իր հազարամյա քաղաքակրթությամբ այն հմուտ ժողովուրդ է կազմավորել։
Եթե մենք պահպանած լինեինք երեք հիմնական արժեքները՝ պարկեշտությունը, խոնարհությունը և եղբայրասիրությունը, Հայաստանը հիմա կունենար ութ միլիոն բնակչություն, ներառյալ երկու միլիոն օտար տարաբնակները, որոնք Հայաստան պիտի գաղթեին, ինչպես գաղթում են Դուբայ՝ օգտվելու տեղի նպաստավոր տնտեսական դրությունից։
Հայաստանը կփայլեր իր մշակույթով, կծառայեր որպես առանցքային տնտեսական հանգույց՝ լինելով նաև գազատար և նավթատար խողովակների խաչմերուկ:
Այնուամենայնիվ, մենք կվերածնվենք և կվերականգնվենք։
Այստեղ կարդացե՛ք բաց նամակը՝ ուղղված ազգի պայծառ մտքերին և առաջատար ուժերին։
Ժառանգություն
1664 թվականին Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի օրօք պետնախարար Քոլբերը հիմնեց ադամանդի և թանկարժեք քարերի «Հնդկա-ֆրանսիական» առևտրային ընկերութունը (La compagnie des Indes) և տնօրեն նշանակեց հայազգի Մարքարա Ավանչինզին Նոր Ջուղայից։ Այն ժամանակ դա բնական երևույթ էր․ արդարև, հայերը Եվրոպայում ճանաչված էին որպես վստահելի վաճառականներ 11-րդ դարից սկսած, երբ հիմնեցին Մետաքսի ճանապարհը Ասիայի և Եվրոպայի միջև: 12-րդ դարում հայ առևտրականներն արդեն կազմում էին Վենետիկի բնակչության 10%-ը, որն այդ ժամանակ միջազգային առևտրի այնպիսի կենտրոն էր, ինչպիսին Դուբայն՝ այսօր:
Հնդկաստանում հայերին անվանում էին «վաճառական իշխաններ»։ Հնդկահայ իշխաններից Լորդ Փոլ Խաչիկ Չաթերը բրիտանական թագի «գոհար»-ի՝ Հոնկոնգի գլխավոր ճարտարապետն էր: Ութ տարեկանից որբ մնալով՝ նա իր նախաձեռնությունը զրոյից հասցրեց հսկա կայսրության: Լորդ Չաթերը ստեղծեց մեծ բարեգործական կազմակերպություններ, որոնց շնորհիվ Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին և մարդասիրական ակադեմիան տակավին գործում են նրա ծննդավայրում: Կալկաթային և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին աջակցելուց բացի Լորդ Չաթերը նպաստել է նաև իր հաճախած ֆրանսիական La Martinier դպրոցներին, որոնց աշակերտները մինչև օրս ամեն առավոտ շարվում և աղոթում են Փոլ Չաթերի հոգու հանգստության համար: Երևելի հայերի շարքում էին նաև Գալուստ Կիւլպէնկեանը, որ բրիտանացիների վստահութունն ունենալով՝ մի ողջ կայսրություն կառուցեց, Քըրք Քըրքորեանը, որ Լաս Վեգասի «ճարտարապետը» դարձավ...
Հայաստանը դեռ հանդիսանում է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ կարևոր խաչմերուկը, որտեղ ռուսն ու ամերիկացին հանգիստ են զգում, դեռ օժտված է հազարամյակների քաղաքակրթությամբ, դեռ ունի հմուտ ժողովուրդ, որ ճկունությամբ բանակցում է արաբի և պարսիկի հետ: Այս տվյալներով այսօր Հայաստանը պետք է ունենար ութ միլիոն բնակչություն, ներառյալ երկու միլիոն օտար տարաբնակները, որոնք Հայաստան պիտի գաղթեին, ինչպես գաղթում են Դուբայ՝ օգտվելու տեղի նպաստավոր տնտեսական դրությունից։ Հայաստանը պետք է փայլեր իր մշակույթով, լիներ Ռուսաստանի և Ուկրանիայի միջև, նույնիսկ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հաշտարարը, պետք է լիներ տնտեսական, նաև գազատար և նավթատար խողովակների խաչմերուկ:
Ուրեմն, ինչպե՞ս պատահեց, որ անցյալի փառքից ընկանք այս ահավոր, խղճալի վիճակի մեջ: Դարման փնտրելուց առաջ կարևոր է ունենալ ճիշտ ախտորոշում:
«Օրենքների գիրք»-ը
Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ։ Եւ Յովսիա թագաւորի տասնեւութերորդ տարին թագաւորը ուղարկեց Մեսուղամի որդի Եսելիայի որդիին Սափան դպրին Տիրոջ տունը՝ ասելով. Գնա Քեղկիա քահանայապետի մօտ, որ նա հանէ Տիրոջ տան ներս եկած արծաթը որ դռան պահապանները ժողովեցին ժողովրդիցը, Եւ յանձնեն գործաւորների ձեռքը, որ Տիրոջ տան վերայ նշանակուած են, եւ յանձնեն գործը անողներին, որ Տիրոջ տանն են, տան վնասուածը նորոգելու համար։ Եւ Քեղկիա քահանայապետն ասեց Սափան դպրին. Մի օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը. Եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափանին, եւ նա կարդաց նորան։ Եւ Սափան դպիրն եկաւ թագաւորի մօտը եւ պատմեց թագաւորին ասելով թէ Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տուել, եւ Սափանը կարդաց նորան թագաւորի առաջին։ Եւ երբոր թագաւորը լսեց օրէնքի գրքի խօսքերը, պատառեց իր հանդերձները։ Եւ թագաւորը հրամայեց Քեղկիա քահանային եւ Սափանի որդի Աքիկամին եւ Միքայի որդի Աքոբորին եւ Սափան դպրին եւ թագաւորի ծառայ Ասայիային ասելով. Գնացէք հարցրէք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար եւ բոլոր Յուդայի համար այս գտնուած գրքի խօսքերին համեմատ. Որովհետեւ մեծ է Տիրոջ բարկութիւնը որ բորբոքուել է մեզ դէմ, նորա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խօսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրուածը։ (Դ Թագավորաց 22:3)
Ահա թե ինչու ենք ընկել այս ահավոր վիճակի մեջ:
Կորցրել ենք մեր կողմնացույցն ու «Օրենքների գիրք»-ը Հայրենիքի և Սփյուռքի մեջ: Այստեղ խոսում ենք ոչ թե հավատի կամ կրոնի, այլ մարդկային և բարոյական արժեքների մասին, որոնք սահմանում են հայկական ինքնության և բարի համբավի չափանիշները: Ի՞նչն է, որ զանազանում է հրեական և մահմեդական ծագումով երկու անհավատ իսրայելցիներին, եթե ոչ այն արժեքներն ու մշակութային ժառանգությունը, որ նրանք ստացել են իրենց ծնողներից, որոնք հաճախ բխում են նրանց համապատասխան «Գրքեր»-ից: Հայկական արժեքներն ու մշակութային ժառանգությունն էլ, որոնք ձևավորել են Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ, մեծապես ոգեշնչված են մեր «Գրքից»։
Արժեքներից այն կողմ մեր «Օրենքների գրքում» կան նաև իմաստուն խոսքեր, որ, ափսոս, մոռացել ենք․
- Առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի։ (Առակաց 11:14)
- Որովհետեւ ձեզանից ով է, որ կամենայ աշտարակ շինել, եւ առաջ չ’նստի եւ ծախսը հաշուէ թէ աւարտելու համար բաւական բան ունի՞։ (Ղուկաս 14:28)
- Կամ ո՞ր թագաւոր է, որ գնայ ուրիշ թագաւորի հետ պատերազմ անելու. Մի՞թէ չի նստել առաջ խորհուրդ անիլ՝ թէ տասը հազարով կարո՞ղ է դէմ կենալ նորան, որ քսան հազարով գալիս է իր վերայ։ (Ղուկաս 14:31)
Պառակտումներ
Վերոհիշյալ արժեքների փլուզման հետևանքներից մեկը մեր պառակտումներն են։ Մեր կառույցները բաժանում են․ կամ անթիլիասական ես, կամ էջմիածնական, կամ բարեգործականական, կամ դաշնակցական: Հնարավոր չէ երկուսն էլ լինել․ իսկ եթե մեկի հետ ես, մյուսին ես դեմ:
Այնուամենայնիվ, այստեղ պետք է անդրադառնալ վերոհիշյալ կառույցների էականությանը, առանց որոնց Սփյուռքի ներկա գոյությունն իսկ հարցական կլիներ: Սակայն ներկայումս հրամայական է միանալ, մեկ սեղանի շուրջ նստել, համագործակցել թե հայրենիքում և թե սփյուռքում:
Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ:
Ապաշխարություն
Այդ ժամանակ Տերը սա է ասում Լավոդիկեի եկեղեցուն․
«Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. Ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. Բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, և ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ ա սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. Եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես»։ (Հայտնություն 3:15-18)
Միասնականության և եղբայրական սիրո ցուցումը մեր կացության մեջ կարող է գալ մեր արժեքների և ժառանգության երաշխավորների բարձրագույն աթոռներից ու այնտեղից բխելով՝ հասնի հասարակության բոլոր մակարդակներին:
Ուստի կոչ եմ անում մեր չորս եկեղեցիների առաջնորդներին: Խնդրում եմ, որ հավաքվեք Երևանում՝ ձեր շուրջ ժողովելով «երկրի երեցներին, քահանաներին ու ժողովրդին՝ մեծից փոքր», Հովսիա թագավորի նման ասեք՝ «Որովհետեւ մեծ է Տիրոջ բարկութիւնը որ բորբոքուել է մեզ դէմ, նորա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խօսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրուածը»:
Կոչ եմ անում, որ նախևառաջ դուք կենդանի օրինակ դառնաք եղբայրասիրության ու խոնարհության՝ ծառայելով Քրիստոսի նման, որ ծնվեց ախոռի մեջ, Երուսաղեմ մտավ՝ նստած ավանակի ու ոչ թէ ձիու վրա: Իր աշակերտների կեղտոտ ոտքերը լվաց ոչ թե որպես արարողություն, այլ որպես խոնարհության և ծառայության պատվիրան՝ մեզ՝ բոլորիս:
Աղաչում եմ ձեզ, որ ապաշխարության կոչ անեք, ուխտեք, և ժողովուրդն էլ ուխտ անի «հետեւիլ Տիրոջ պատուիրաններուն, օրէնքներուն եւ կանոններուն, ամբողջ սրտով ու իրենց ամբողջ էութեամբ»: Ինչպես Հեսուի գիրքը, Տերն այսպես է ասում ձեզ․ «Այս օրէնքներու գիրքը քու բերնէդ թող չզատուի, հապա գիշեր ցերեկ անոր վրայ մտածէ, որպէս զի բոլոր անոր մէջ գրուածները պահես ու կատարես. քանզի այն ատեն քու գործերդ յառաջ պիտի տանիս եւ այն ատեն յաջողութիւն պիտի գտնես»։
Վերածնունդ
Կոչ եմ անում ազգի մտավորականներին, կրթարարներին, քաղաքական գործիչներին և բարերար գործարարներին, որոնք գործուն կերպով նպաստում են ազգին, որ ստանձնեն հավելյալ պատասխանատվություն, հավաքվեն՝ մի կողմ դնելով իրենց անձնական օրակարգերը, խոսեն մեկ ձայնով, կառավարության հետ փոխվստահություն ձեռք բերելուց հետո լիովին աջակցեն հայրենիքի կայունության և գոյատևման ապահովմանը ու լինեն հասանելի որպես խիստ անհրաժեշտ խորհրդատուներ:
Կոչ եմ անում վարչապետին, որ միավորի ազգին, քանզի «Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ» (Մատթեոս 12:25) և խորհուրդ ընդունի, քանզի «Ազգը առանց խոհականութեան կը կործանի․ բայց խորհրդականներու բազմութեամբ փրկութիւն կըլլա՛յ»։
Այսօր ո՞ր հայ երեխան է աղոթում որևէ ազգային գործչի համար: Եվ, ցավոք սրտի, վերջին իշխան Քըրք Քրքորեանը «Չվանից խարազան սարքելու» փոխարեն, մեծ շառաչյունով փակեց դուռը՝ գոչելով․ «Հայրենիքս ավազակների քարայր դարձրիք»:
Պարզ բառերով ասած, եթե պահպանած լինեինք երեք բարոյական արժեքները՝ պարկեշտությունը, խոնարհությունը և եղբայրասիրությունը, այսօր Հայաստանը պահպանած կլիներ իր իրավացի դիրքը:
Մեր կացութիւնը ճակատագրական չէ: Պիտի վերածնվենք, վերականգնվենք: Մեկ խնդրանք ունեմ, եղբայրնե՛ր, հոգևոր հայրե՛ր, կրթարարնե՛ր, մտավորականնե՛ր, քաղաքական գործիչնե՛ր և գործարարնե՛ր․ լինենք լիարժեք ժառանգորդները Ներսես Շնորհալու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու։
«Աղաչում եմ ձեզ, որ մեկդ մյուսից ավելի բարձր չհամարեք և ինչ որ մտածեք, խոհեմությամբ լինի: Իրար հանդեպ գորովալից եղե՛ք, եղբայրական սիրով, պատվելու մէջ զիրար գերադասե՛ք: Փութաջանության մէջ ծույլ մի՛ եղեք. եռանդուն հոգով ծառայե՛ք: Որքան հնարավոր է, խաղաղության մեջ եղե՛ք ամեն մարդու հետ»։
Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ:
Յովէլ Շնորհօքեան
Լը Ռենսի, Ֆրանսիա
05/09/2023