Որոնում
Close this search box.

Ինչ էին բանակցում, և ինչ էր պահանջում միջազգային համայնքը Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ

Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը

Ստորև ներկայացված են հատվածներ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Տեր-Պետրոսյանի՝ 1997 թվականի հրաժարականը» հոդվածից, որոնք ներառում են նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կարևոր փաստաթղթեր։
Վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը գալիս են հաստատելու, որ 2020-ի պատերազմը պարտության էր մատնվել 1997-ին մեկ անձի անխոհեմության պատճառով, որը մինչև այսօր մարգինալացված է պահում Հայաստանը։
Իսկապես, եթե խաղաղություն ձեռք բերվեր 1997 թվականին, այսօր Հայաստանը կլիներ էներգետիկ խողովակաշարերու խաչմերուկ բոլորովին այլ տնտեսական և աշխարհաքաղաքական մակարդակով։

Ուղիղ 25 տարի առաջ փետրվարի 3-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջև դրվե՛լ է նման պահանջ՝ հայտնի ուժերի կողմից:

Փաստացի, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիվանալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի առաջ` 1997-ին: Դրան նպաստող երկու գործոն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նավթամուղների անցկացման շուրջ, և Արևմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվի: Մյուս կողմից, այդ տարվա հունվարին կազմավորվել էր նոր ձևաչափ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությունը: Ինչպես Պետդեպի դիվանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը:

Փետրվարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին և խնդրում փոխանցել նախագահ Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղով այլևս զբաղվում են երեք գերտերություններ, և այս փաստը չպետք է անտեսել։
Բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով և ակտիվացնել ճնշումները, որպեսզի կողմերը զիջումների գնան: Որոշվում է հարցը ներառել դրանից մեկ ամիս անց՝ ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում։ Թեման բացում է Միացյալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ:

Դրանից երկու շաբաթ անց արդեն երեք միջնորդները հանդիպում են Վաշինգտոնում և առաջին անգամ համատեղում իրենց գաղափարները` կազմելով մեկ միասնական փաստաթուղթ:
Օրեր անց համատեղ այդ փաստաթուղթը քննարկվում և ընդունվում է նախագահների մակարդակով` Քլինթոնի, Ելցինի ու Շիրակի փարիզյան հանդիպման ժամանակ:

Մայիսի վերջին արդեն միջնորդները այդ փաստաթուղթը, որը հետո հայտնի դարձավ որպես փաթեթային տարբերակ, բերում են տարածաշրջան: Հայաստանի նախագահի հետ հանդիպման առաջին րոպեներից մինչև վերջին պահը բանագնացները միևնույն միտքն են ընդգծում՝ իրենք միասնական են և լուրջ են տրամադրված:
«Երեք երկրները՝ նախագահներից սկսած մինչև նրանց կառավարություններ, ամենայն պատասխանատվությամբ տքնաջան աշխատել են խաղաղության գործընթացն առաջ տանելու համար», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարը Տեր-Պետրոսյանին, ընդգծելով՝ «միջազգային համայնքն ակնկալում է, որ կողմերն իրենց ջանքերին պատշաճ լրջությամբ կարձագանքեն»:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները, իրենց հերթին, այդ օրերին Դենվերում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում, առաջին համատեղ հայտարարությունն են ընդունում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
«Զինադադարն ինքնին բավարար չէ: Միջազգային հանրությունը հորդորում է հասնել վերջնական կարգավորման, և մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը չպետք է ձգձգվի», - հայտարարել էին Ելցինը, Քլինթոնը և Շիրակը:
Դենվերում հանդիպելով պետքարտուղար Օլբրայթին` Ռուսաստանի արտգործնախարարը՝ առաջարկել է կիրառել սպառնալիքներ ու պատժամիջոցներ․ «Դո՛ւք`ամերիկացինե՛րդ, կարող եք ինչ֊որ բան անել ազերիների հետ` որպես լծակ օգտագործելով նավթը: Կարող եք ասել, որ եթե գործը գլուխ չգա, չեք քաջալերի ձեր ընկերություններին օգնել Ադրբեջանին նավթի արդյունահանման հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք զենքը կօգտագործենք որպես լծակ, այլ կերպ ասած` Ռուսաստանը կարող է սպառնալ Հայաստանին, թե զենք չի տա, իսկ դուք կարող եք նավթի գործոնն առաջ տանել»:

Չնայած այս զգուշացումներին` Ստեփանակերտն ու Բաքուն կտրականապես մերժում են փաթեթային տարբերակը: Մոտ երկու ամսից համանախագահները ներկայացնում են նոր` փուլային պլանը, որի հիմքում շարունակում են մնալ միևնույն սկզբունքները, բայց ընտրվում է իրականացման, այսպես ասած, երկարաձգված տարբերակը: Մասնավորապես, եթե առաջինը` փաթեթայինը, ենթադրում էր, որ տարածքների վերադարձն ու կարգավիճակի որոշումը պետք է լինեն միաժամանակ, ապա հիմա միջնորդները առաջարկում են նախ ազատագրել տարածքները, վերադարձնել փախստականներին, ապահովել Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը, ապա` անդրադառնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Ղարաբաղի կարգավիճակի հարցերին:

Համանախագահների հետևողական այս ջանքերի ֆոնին՝ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ասուլիս է հրավիրում և արձանագրում, թե որքան վտանգավոր է հայկական կողմի համար դեմ գնալ միջազգային հանրության կամքին. «Ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը։ Դա բացառված է, և միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ՝ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլև շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել»։
Տեր-Պետրոսյանի ասուլիսից հետո միջնորդները սկսում են քննարկել` ինչպես համոզել Ստեփանակերտին: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հոկտեմբերին, Ստրասբուրգում հանդիպելով Հայաստանի նախագահին, առաջարկում է վարչապետ դարձած Քոչարյանին ու մյուս ազդեցիկ ղարաբաղցիներին հրավիրել Փարիզ:

«Նպատակն է ճնշում գործադրել, որպէսզի հակամարտող կողմերը համաձայնութեան գան: Յետոյ Քոչարեանը կրնայ հրաւիրուիլ Մոսկուա, ապա` Նոր Եօրք, ուր եւս անոր միեւնոյն բանը կ՚ըսուի», - ըստ Պետական բաժանմունքի գաղտնազերծած փաստաթուղթերուն՝ առաջարկած է Ֆրանսայի արտաքին գործոց փոխնախարարը Ամերիկայի Միացեալ Նահանգներու պետական փոխքարտուղարին:
Գաղափարը, սակայն, որեւէ արդիւնք չի տար: Քոչարեանի այցելութենէն ետք Ֆրանսայի արտաքին գործոց փոխնախարարը գաղտնի հեռագրով մը կը փոխանցէ Ուաշինկթոն. «Չյաջողեցանք որեւէ իրական փոփոխութեան հասնելու Քոչարեանի դիրքորոշումներուն մէջ, եւ մենք բանակցութիւններ սկսելու որեւէ իրական հեռանկար չենք տեսներ»:

Փորձելով բացատրել միջազգային համայնքին կտրուկ մերժելու այդ ֆենոմենը` միջնորդներն անգամ ենթադրում են, թե գուցե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը համաձայնեցված խաղ են խաղում․ մեկը մերժում է միջնորդներին, մյուսը` հայտարարում, թե պատրաստ է փոխզիջումների:
Դիվանագետները որոշում են մի քանի օրից կրկին հանդիպել Փարիզում: Մինչ այդ՝ Պրիմակով-Թալբոթ այս զրույցից երկու շաբաթ անց, Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս։
«Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն», - իր խոսքում նշում է առաջին նախագահը։

Այդ օրերին սեղանին դրված տարբերակն առաջարկում էր դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից` բացառությամբ Լաչինի, կողմերի միջև ստեղծել բաժանարար գիծ` բուֆերային գոտի, որն ամբողջությամբ պետք է մնար չբնակեցված և ԵԱՀԿ ուժերի հսկողության տակ: Լաչինի միջանցքը պետք է լիներ ոչ թե այսօրվա պես՝ 5, այլ` 22 կմ, և Ադրբեջանը այն պետք է վարձակալության տար ԵԱՀԿ-ին, որն իր հերթին պետք է օգտագործման հանձներ Արցախի իշխանություններին:
Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը և Սահմանադրությունը: Քաղաքացիները կարող էին զինվորական ծառայությունն անցնել Ղարաբաղի տարածքում, իսկ Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չէին ունենալու մտնել Լեռնային Ղարաբաղ առանց տեղական իշխանությունների թույլտվության: Ստեփանակերտը նաև իրավունք էր ստանում արտաքին կապեր հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և մարդասիրական հարցերի ոլորտներում: Այս քայլերից հետո արդեն` հաջորդ փուլում, առաջարկվում էր անցնել կարգավիճակի հստակեցմանը: Մինչ այդ միջազգային համայնքը խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել` դառնալով անվտանգության երաշխավոր:

Դիվանագիտական փաստաթղթերը վկայում են, որ հարցի շուրջ դռնփակ բանակցություններում միջնորդները շարունակ ընդգծել են՝ սա լավագույնն է, որ անցել է իրենց մտքով, և լավագույնը, որ իրենք կարող են առաջարկել կողմերին: Զուգահեռ, գերտերությունները զգուշացնում էին հայկական կողմին` չգնալով լուծման՝ Հայաստանը կորցնում է զարգացման ու բարգավաճման հնարավորությունները:
«1997-ը գազամուղների ու տրանսպորտային գծերի հարցով որոշում կայացնելու տարի է։ Եթե հայկական կողմը չկարողանա մասնակցել տարածաշրջանային զարգացումներին, դա թանկ կնստի Հայաստանի վրա, ինչը որևէ մեկի շահերից չի բխում», - դրանից ամիսներ առաջ զգուշացրել էր Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը Հայաստանի արտգործնախարարին։
Փոխպետքարտուղար Սրթոբ Թալբոթն էլ ընդգծել էր` Հայաստանի մասնակցությունը էներգետիկ ծրագրերին ու տարածաշրջանային նախագծերին կախված է ղարաբաղյան խնդրի կարգավորումից:

Առաջին նախագահի հրաժարականից հետո` ավելի քան երկու տասնամյակ, Հայաստանի բոլոր երեք առաջնորդները որդեգրեցին ստատուս քվոն պահելու քաղաքականությունը: Բոլոր երեքն իրենց իշխանության տարբեր փուլերում Տեր-Պետրոսյանին մեղադրեցին պարտվողականության ու դավաճանության մեջ:

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով