Մաղթում եմ ձեզ Լուսավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
2024 թվականը դարձավ ևս մեկ տարի, երբ երկինքն ավելի մթագնեց։ Աշխարհի ղեկավարները կրկին բաժանվեցին երկու խմբի՝ բռնակալների և անողնաշարների։ Բռնակալների թիվն աճեց, և նրանք դարձան ավելի անգութ ու բիրտ՝ բանտարկելով ու սպանելով լրագրողների, բժշկական և մարդասիրական անձնակազմերի, ռմբակոծելով հիվանդանոցներ, դպրոցներ ու բնակավայրեր։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված «ժողովրդավար» ղեկավարներից ոմանք զենք մատակարարեցին ոճրագործներին, ուրիշներն էլ ամոթալի գործարքներ կնքեցին վառելանյութի շուրջ, իսկ «պիղատոսները» իրենց ձեռքերը լվացին պատասխանատվությունից՝ անտարբերությամբ և դավաճանությամբ զոհելով իրենց իսկ զինվորներին։
Օրվա լուրերը լսելով՝ ակամա սկսեցի կրկնել Սիամանթոյի դառն աղոթքը.
«Ով մարդկային արդարութիւն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ»։
Օրերն անցնում են, և երկինքն ավելի է մթագնում։ Մարդկությունը կարծես կորցրել է իր բարոյական կողմնացույցը՝ դառնալով ավելի նյութապաշտ և եսակենտրոն։ Բաժանումը և անհանդուրժողականությունը տիրում են յուրաքանչյուր ազգի, հասարակության և խմբերի մեջ, որտեղ մարդիկ «դավաճանում են և ատում իրար»։
Այնուամենայնիվ, ինչքան չարությունը ուժգնանում է, բարեփոխման ավելի մեծ հնարավորություն եմ տեսնում և նոր հույսով եմ լցվում։ Իրոք, որքան մութ է դառնում աշխարհը, այնքան պայծառ է փայլում մեր լույսը։ Մենք կրում ենք Նարեկացու և Շնորհալու խորը ժառանգությունը՝ հիմնված սիրո, խոնարհության և ծառայության վրա։ Մեր առաքելությունն է մարմնավորել այս արժեքները և ստեղծել խաղաղության ու կարեկցանքի օազիսներ մեր շուրջը։
Եվ երբ տեսնում եմ սանդուղքով բարձրացողների տենդագին տենչը անձնական շահի ետևից, գոհունակություն եմ զգում, որ իմաստալից առաքելության մաս եմ կազմում։ DiasporArm-ի մեր աշխատանքի միջոցով մենք նպաստում ենք այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են «Քարտեզագրման նախագիծը», որի նպատակն է հայտնաբերել, համախմբել և համակարգել հայկական սփյուռքի ռեսուրսները, «Հայկական համայնքների հզորացումը», որը նպատակ ունի աջակցել համայնքների սոցիալական, տնտեսական, կրթական և մշակութային կարիքներին, և «Արժեքների փոխանցումը», որը խթանում է հիմնարար արժեքային համակարգերի և հասարակությունների փոխակերպմանը միտված ծրագրեր:
Անձնային մակարդակում համառությամբ պայքարում եմ կամուրջներ հաստատելու Հայաստանի և Սփյուռքի, կառավարության, եկեղեցու և հայորդիների միջև՝ ամրապնդելով կապերը ինչպես սփյուռքի տարբեր մարդասիրական կազմակերպությունների միջև, այնպես էլ կրոնական տարբեր կառույցների միջև, հիշեցնելով բոլորին, որ «մենք մեկ մարմնի անդամներ ենք»՝ կոչված խոնարհության և ծառայության, ու հետևելու այս պատգամին. «Դուք ձեզ ավելի մի՛ գնահատեք, քան ինչ որ է ձեր արժանիքը․ այլ յուրաքանչյուրդ ձեր մասին խորհեցե՛ք զգաստությամբ։ Իրար հանդեպ գորովալի՛ց եղեք՝ եղբայրական սիրով. պատիվ տալու մեջ՝ միմյանց գերացանցե՛ք: Ջանասիրության մեջ մի՛ եղեք թուլասիրտ. հոգո՛վ եռացեք, ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ՝ խաղաղություն պահեցե՛ք»։
Թո՛ղ մեր լույսն ավելի պայծառ շողա 2025 թվականին։ Եկե՛ք առաջ տանենք այն արժեքները, որոնք մեզ միավորում են՝ լուսավորելով մյուսների ուղին հույսով և իմաստավորումով։
Հարգանքով՝
Յովէլ Շնորհօքեան
Le Raincy, 06/01/2025