Հայաստանը ծանրագույն ճգնաժամից հանելու համար, որն ի հայտ եկավ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, անհրաժեշտ են ողջ հայ ժողովրդի ռեսուրսները։ Իրականում, դժվար չէ պատկերացնել, որ եթե վերջին 25-30 տարիների ընթացքում ողջ հայ ժողովրդի ռեսուրսները ներգրավված լինեին երկրի կառավարման գործում, պատերազմի ելքը կարող էր այլ լինել, դեռ չենք խոսում առհասարակ դրանից խուսափելու իրատեսական հնարավորության մասին։ Բայց այս ակնարկն այն մասին չէ, թե ինչպես իրադարձությունները կզարգանային, եթե մենք անցյալն այլ կերպ կառավարեինք։ Փոխարենը, կենտրոնանանք ապագայի վրա։
Հայ ժողովրդի ռեսուրսների 75-80%-ը կենտրոնացած է Սփյուռքում։ Սա իրականություն է «ռեսուրս» բառի բոլոր իմաստներով, ներառյալ՝ մարդկանց թվաքանակը, կրթության մակարդակը, մասնագիտական որակները, ֆինանսական միջոցները, կառավարման և վարչարարության փորձը, գիտության, բժշկության և տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտական ունակությունները, գլոբալ կապերը, փորձառությունը ռազմական, ռազմավարական հարցերում և հետախուզական գործողություններում։
«Սփյուռք» ասելով՝ մենք չպետք է հասկանանք միայն ազգությամբ հայերին, որոնք ապրում են Հայաստանից դուրս և շատ քիչ կամ առհասարակ որևէ կապ չունեն Հայաստանի հետ։ Այդ ներուժը՝
- ՀՀ քաղաքացիներն են, որոնք արտագաղթել են, ստացել օտարերկրյա քաղաքացիություն և ներկայումս բնակվում են արտերկրում՝ միաժամանակ պահպանելով իրենց ՀՀ քաղաքացիությունը,
- ՀՀ քաղաքացիներն են, որոնք արտագաղթել են, ստացել օտարերկրյա քաղաքացիություն, բայց վերադարձել են բնակվելու Հայաստանում՝ պահպանելով թե՛ իրենց օտարերկրյա և թե՛ Հայաստանի քաղաքացիությունը,
- օտար երկրների ազգությամբ հայ քաղաքացիներն են, որոնք Հայաստանի քաղաքացիություն են ստացել անկախությունից հետո և իրենց կենցաղը կիսում են Հայաստանի և արտերկրի միջև,
- օտար երկրների ազգությամբ հայ քաղաքացիներն են, որոնք դեռևս չեն ստացել ՀՀ քաղաքացիություն, բայց ՀՀ գործող օրենքի շրջանակներում կարող են այն ստանալ։
Այս հսկայական ազգային ռեսուրսը ներկայումս ՀՀ օրենքով սահմանափակված է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը մի շարք կարևոր պետական պաշտոններում։ Սահմանադրության 48, 148, 124, 165, 174 և 177 հոդվածները խիստ սահմանափակումներ են դնում առ այն, թե ով կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր, նախարարի պաշտոն զբաղեցնել կառավարությունում, լինել Նախագահ կամ որևէ բարձր պաշտոն զբաղեցնել դատական համակարգում (տե՛ս այդ հոդվածների համապատասխան պարբերությունները)։ Մասնավորապես՝
1) Ոչ ոք չի կարող ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր, եթե չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում (հոդված 48, 2-րդ մաս):
2) Ոչ ոք չի կարող կառավարությունում զբաղեցնել նախարարի պաշտոն, եթե չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում (հոդված148, 1-ին և 2-րդ մասեր):
3) Ոչ ոք չի կարող լինել Նախագահ, եթե չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին վեց տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում (հոդված 124, 2-րդ մաս):
4) Ոչ ոք չի կարող լինել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավոր՝ անկախ որակավորումից, եթե չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի (հոդված 165, 1, 2 և 3-րդ մասեր):
5) Ոչ ոք չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ անկախ որակավորումից, եթե չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի (հոդված 174, 3-րդ մաս)։
6) Ոչ ոք չի կարող լինել Գլխավոր դատախազ՝ անկախ որակավորումից, եթե չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի (հոդված 177, 2-րդ մաս):
Չկա որևէ համոզիչ ազգային շահ, որին կծառայեին այս սահմանափակումները՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ ստեղծված հատուկ հանգամանքները։ Պահպանելով այն հիմնական նախապայմանը, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն իրենց ներկայացուցիչներին և կառավարությանը, Սահմանադրության հետևյալ լրամշակումները լավագույնս կծառայեն երկրին և ժողովրդին։ Բոլոր վեց հոդվածներից հանել «միայն» ՀՀ քաղաքացի լինելու և, ըստ կիրառելիության, Հայաստանում «վերջին չորս (կամ վեց) տարում» բնակվելու սահմանափակումը։
Այդպիսով, այս բոլոր պաշտոնների համար քաղաքացիությանը և բնակությանը վերաբերող պահանջը կլինի՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Հայաստանում մշտական բնակությունը։
Որակավորմանը և փորձին վերաբերող մյուս բոլոր պահանջները, հատկապես դատավորների համար, կպահպանվեն։
Ի հավելումն վերոնշյալի՝ անկախ նրանից Սահմանադրության մեջ ուղղակիորեն կնշվի թե ոչ, բոլոր նախարարները, փոխնախարարները և զգայուն պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է անցնեն «անվտանգության մարմինների կողմից ստուգում» և ունենան հստակ որակավորում այն պաշտոնի համար, որը զբաղեցնելու են։
Այս փոփոխությունն անհրաժեշտ (բայց ոչ բավարար) պայմաններ կստեղծի երկրի կառավարման մեջ հայկական սփյուռքի ռեսուրսների ավելի բովանդակալից և հետևողական ներգրավման համար։ Նույնիսկ մեկ նախարարի նշանակմամբ գործընթացը մեկնարկելուն պես, խթան կստեղծվի Սփյուռքի ներուժի առավել լայն ներգրավման համար, քանզի տվյալ նախարարը կարող է իր աշխատակազմում ընդգրկել մի քանի որակավորված սփյուռքահայ մասնագետների։ Սա Սփյուռքում ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի Հայաստանում ներգրավվելու առումով, այդ թվում այն պաշտոններում, որոնք չեն սահմանափակվի գործող Սահմանադրությամբ
Նշենք, որ այս լրամշակումը չի փոխի այն հիմնական սկզբունքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացառիկ իրավունքը պետք է լինի ընտրել իրենց ներկայացուցիչներին, որոնք իրենց հերթին կընտրեն վարչապետ և կձևավորեն կառավարություն։ Սփյուռքի` ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերն այս գործընթացում խոսքի իրավունք չեն ունենա։ Նշենք նաև, որ այս փոփոխությունն ընդունելուց հետո երկար ժամանակ կարող է պահանջվել մինչև որևէ նկատելի փոփոխություն տեղի կունենա Հայաստանի կառավարման մարմիններում։ Ընտրությունն ու վեթինգը ժամանակատար կլինեն, քաղաքական գործիչները զգոնություն կդրսևորեն, առանցքային խոչընդոտ կլինի օվկիանոսից այն կողմ վարձատրությունների և Հայաստանի վարձատրությունների միջև գոյություն ունեցող հսկայական անդունդը։ Այդուհանդերձ, սահմանադրական արգելքի վերացումը կլինի այն առաջին կարևոր քայլը, որ թույլ կտա մեկնարկել գործընթացը։
Պետական (հանրային) քաղաքականության կարևորությունը պետք է ծանրակշիռ դեր ունենա այս փոփոխությունը գնահատելիս։ Հայաստանը ցանկանում է և կարիք ունի, որ իր երկքաղաքացիներն առավել շատ ներդրում ունենան երկրում, սակայն Սփյուռքի հայ քաղաքացիներին զրկում է ընտրվելու իրավունքից։ Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիները, որոնք ապրում ու աշխատում են Հայաստանում, հարկեր են վճարում և, եթե չեն ծառայել այլ երկրի զինված ուժերում, պարտավոր են ծառայել Հայաստանում։ Բայց նրանք ոչ կարող են ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր, ո՛չ էլ նշանակվել բարձր պաշտոնների։ Սա խախտում է փոխադարձության հիմնարար սկզբունքը և դեմ է պետական քաղաքականության հիմնարար արժեքներին։
Որո՞նք կարող են լինել այս լրամշակման դեմ ուղղված առարկությունները և փաստարկները։ Ահա մի քանի ենթադրյալ առարկություն և պատասխան։
Փաստարկ/առարկություն թիվ 1․ Երկքաղաքացիներին և վերջին 4-6 տարում Հայաստանում մշտապես չբնակվողներին բացառելու դրույթները բխում են ազգային անվտանգության նկատառումներից։
Այս փաստարկը, թեև տեսականորեն գրավիչ է և որոշակի նախադեպեր ունի այլ երկրներում, սահմանադրական սահմանափակումն արդարացնելու համար շատ թույլ գործնական հիմքեր ունի: ՀՀ ազգային անվտանգությունն ավելի կործանարար հարված չէր ստացել անկախությունից ի վեր, քան վերջին շրջանում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես երկքաղաքացիություն ունեցող պետական պաշտոնյաները կարող էին ավելի մեծ սպառնալիք լինել, քան այն, ինչին մենք բախվեցին այս երկու տարիներին։ Ճիշտ հակառակը, ինչպես նշված է առաջին պարբերությունում, ՀՀ անվտանգությունը, թերևս, էապես կշահեր, եթե Սփյուռքի հսկայական մարդկային կապիտալի ռեսուրսները ծառայեին կառավարությանը։
Հարկ է նշել, որ սփյուռքահայերի ճնշող մեծամասնության համար օտարերկրյա քաղաքացիությունը նշանակում է աշխատանքային թույլտվություն կամ բիզնես անհրաժեշտություն, և անպայմանորեն չի ենթադրում անկապտելի հավատարմություն օտար կառավարությանը: Հազվագյուտ բացառությունները, անշուշտ, կարելի է կանխել անվտանգության վեթինգի ընդունված գործընթացի, ինչպես նաև նորմատիվ, վարչական և քննչական միջոցառումների միջոցով: Դա նույնքան վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ովքեր արտագաղթել են օտար երկրներ աշխատելու նպատակով, որքան սփյուռքահայերին, ովքեր ծնվել են արտասահմանում, ի սկզբանե եղել օտարերկրյա քաղաքացի և միայն հետագայում ստացել Հայաստանի քաղաքացիություն:
Բացի այդ, չկա որևէ երաշխիք, որ որևէ մեկը, ով բավարարում է գործող Սահմանադրության պահանջները, չի կարող հավաքագրվել օտարերկրյա հետախուզական ծառայության կողմից կամ սպասարկել այլ երկրի շահերը։
Բացի նորմատիվ, վարչական և քննչական միջոցառումներից, Հայաստանի կառավարությունն անվտանգության մարմինների կողմից ստուգման հարցը պետք է քննարկի այն երկրների հետ, որտեղ կան հայկական մեծ համայնքներ, և փոխըմբռնում ձևավորի տաղանդների շրջապտույտի հարցում, որի շնորհիվ Հայաստանում ծառայող երկքաղաքացիները չեն կորցնի արտոնություններ իրենց երկրորդ քաղաքացիության երկրներում և հակառակը։
Կան երկրորդ քաղաքացիություն ունեցող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող էին անգնահատելի ներդրում ունենալ Հայաստանի տարբեր ոլորտներում՝ տնտեսական, անվտանգության, դիվանագիտական, կրթական, առողջապահական, տեխնոլոգիական՝ երկրի համար չներկայացնելով ավելի մեծ անվտանգային սպառնալիք, քան նրանք, ովքեր միայն Հայաստանի քաղաքացիություն ունեն: Այս չիրացված հսկայական մարդկային ռեսուրսի պոտենցիալ օգուտն անհամեմատ գերազանցում է հնարավոր ռիսկերը: Կառավարությունը պետք է փորձի վերացնել հնարավորինս շատ արգելքներ, որոնք սահմանափակում են այս ռեսուրսի բովանդակալից ներգրավումը Հայաստանի կառավարման մեջ։
Փաստարկ/առարկություն թիվ 2․ Սահմանադրության այս հոդվածները վերաբերում են միայն Նախագահի, Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների պաշտոններին, Ազգային ժողովի պատգամավորներին և դատական համակարգում տարբեր կարևոր պաշտոնների։ Կառավարությունում այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանադրական սահմանափակումներ չկան երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայերի համար, որոնք վերջին չորս տարում չեն բնակվել Հայաստանում։ Ինչու՞ շահագրգռված և համապատասխան որակավորմամբ սփյուռքահայերը չեն ծառայում այդ պաշտոններում՝ ազատ նախարարական կամ այլ ղեկավար պաշտոններին սպասելու փոխարեն։
Թեև այս փաստարկը տեխնիկապես ճիշտ է, այն թույլ է և չի բխում հարցի էությունից: Իսկ հարցն այն է, որ երկիրն այս ճգնաժամից դուրս բերելու համար ՀՀ-ն պետք է ակտիվորեն ձգտի հավաքագրել լավագույն հայ տաղանդներին, ինչի համար պետք են նաև կառավարության ամենաբարձր պաշտոնները։ Կառավարման ամենավերին օղակների բացառումը հիասթափեցնող է նաև մյուս բոլոր մակարդակներում իրենց ծառայություններն առաջարկելու առումով։
Բացի այդ, շատ ավելի կարևոր է այն, որ միջին և ցածր մակարդակի պետական աշխատողները չեն կարող իրականացնել խիստ անհրաժեշտ բարեփոխումներ՝ վերացնելու համար այն գործառնական անարդյունավետությունը, որը ներկայումս աղետալի իրավիճակ է ստեղծել կառավարման բյուրոկրատիայում: Այս գործողության կարևոր նպատակն է կառավարության գործառնության համակարգային բարելավումը, որին հնարավոր չէ հասնել նախարարական պաշտոններից ցածր պաշտոնների միջոցով:
Իսկապես բացառիկ ռեսուրսը, որում կմեկտեղվեն մասնագիտական ունակությունները, փորձը, գլոբալ կապերը, համապատասխան կառավարչական կարգավիճակի կարիք կունենա, իր ներուժը Հայաստանի շահերին լիարժեք ծառայեցնելու համար։ Սա հատկապես վերաբերում է բազմակողմ տնտեսական, առևտրային և դիվանագիտական հարցերին, որտեղ առանցքային են գլոբալ շփումները բարձր մակարդակի գործընկերների հետ:
Եվ վերջապես, պետք է նշենք, որ կան մեծ թվով հանրային ծառայության պաշտոններ, որոնք Հայաստանի երկքաղաքացիները չեն կարող զբաղեցնել առանձին օրենքների և կանոնակարգերի ուժով, թեև Սահմանադրությունը չի դնում նման սահմանափակումներ։ Դրանց թվում են ինքնավար մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և այլն: Այսպիսով, խնդիրը համակարգային է Հայաստանի ողջ կառավարման համակարգի համար։ Սահմանադրությունը լրամշակվելուն պես ավելի հեշտ կլինի անդրադառնալ նաև այս առանձին օրենքներին:
Փաստարկ/առարկություն թիվ 3. Եթե կան որակավորված սփյուռքահայեր, ովքեր կարող են և պատրաստակամ են նշանակալի ավանդ ունենալ երկրում՝ լինելով կառավարության անդամ, ապա ինչու՞ չեն հրաժարվում իրենց օտարերկրյա քաղաքացիությունից, մշտական բնակություն հաստատում Հայաստանում և չորս տարի հետո իրավասու դառնում միանալու կառավարությանը։
Նրանք, ովքեր կբերեն այս փաստարկը, չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ այն էական փոփոխությունը, որը տեղի կունենա Հայաստանում հայ ժողովրդի ռեսուրսների ողջ հզորության օգտագործման դեպքում՝ հատկապես ՀՀ պատմության այս փուլում։ ՀՀ օրենքները պետք է խթանեն սփյուռքի տաղանդի ներգրավումը, ոչ թե խոչընդոտեն դրան։ Ինչպես նշվեց, օտար երկրների քաղաքացիություն ստանալը և այն պահպանելը տնտեսական անհրաժեշտության հարց է սփյուռքահայերի լայն մեծամասնության համար։ Ակնկալել, որ այս մասնագետները ոչ միայն կհրաժարվեն իրենց օտարերկրյա քաղաքացիություններից, այլ նաև կտեղափոխվեն Հայաստան չորս տարով բնակվելու համար՝ հնարավոր է պարապուրդի մատնվելով, միայն կառավարությունում ծառայելու չնչին հնարավորության համար, անիրատեսական է և նպատակային արգելք է ստեղծում։
Ուստի, արժանահիշատակ են սույն հոդվածները Սահմանադրության մեջ պահպանելու հնարավոր իրական դրդապատճառները։ Անկախությունից ի վեր բոլոր վարչակարգերը խրոնիկական պայքար են մղել իշխանությունը կիսելու դեմ՝ գերազանցապես իրենց նեղ անձնական շահերը սպասարկելու նպատակով՝ ի վնաս ազգային և պետական շահերի։
Ամփոփելով՝ նշենք, որ ժամանակն է մտածված և հաշվարկված ձևով վերացնելու սահմանադրական արգելքները՝ հնարավորություն ստեղծելով Սփյուռքի հայ քաղաքացիների հսկայական ռեսուրսները ծառայեցնելու պետության հիմնարար ռազմավարական շահերին։
Հոդվածի հեղինակ՝ Վահան Զանոյեան, Առավոտ, Փետրվար 07, 2022