Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները կարիք ունեն ավելի լայն խորհրդակցությեան: Դրանք ներկայումս առավել հիմնված են միակողմանի «Ես խոսեմ, դու մտիկ լսի՛ր» մենախոսության, քան բաց երկխոսության վրա:
Այնուամենայնիվ, «Համաշխարհային հայկական վեհաժողով»-ը սփյուռքի հետ հարաբերությունները վերասահմանելու առաջին լուրջ փորձն է Փաշինյանի՝ իշխանության գլուխ գալուց հետո։
Ստորև ներկայացված է «Նոր Յառաջ» թերթի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի խմբագրականից մի հատված.
Հոկտեմբերի 28-ից 31-ը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հրավերով պիտի կազմակերպվի «Համաշխարհային հայկական վեհաժողով», որն անցյալի Հայաստան-Սփյուռք համաժողովների նոր անվանումն է։ 2018-ի թավշյա հեղափոխությունից ի վեր առաջին մեծածավալ Հայաստան-Սփյուռք հանդիպումն է, որը կազմակերպվում է քաղաքական բարդ իրավիճակի մեջ։
Եթե անցյալում Քոչարյան և Սարգսյան նախագահների օրօք կազմակերպված Հայաստան-Սփյուռք համագումարների ժամանակ իշխող կառավարությունների նկատմամբ տեղացի և Սփյուռքի մասնակիցների կողմից լռելյայն համախոհություն էր ցուցաբերվում, ապա ներկայումս իրավիճակն այլ է։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևորականությունը, որը նախկինում չէր հանդգնում որևէ ձևով քննադատել քաղաքական իշխանություններին, ներկայումս անկաշկանդ ձևով հակառակվում է՝ պատճառաբանելով կառավարության հակակղերական դիրքորոշումները։ Իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մնում է ավելի պահպանողական գծի վրա։ Բնականաբար, սփյուռքյան կազմակերպություններից ՀՅԴ-ի պաշտոնական դիրքորոշումը մնում է ամենակոշտը մանավանդ ներկայիս վարչապետի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հանդեպ, որոնց արտագնա ուղևորությունները միշտ հանդիպում են ՀՅԴ-ի կողմից կազմակերպված դիմադրության։
Հաշվի առնելով այս ոչ համախոհական իրավիճակը` hոկտեմբերի վեհաժողովը ավելի հետաքրքրական է դառնում։ Մասնակիցների որակից և քանակից է կախված լինելու վեհաժողովի մակարդակն ու հաջողությունը։ Հայտագիրն արդեն հրապարակված է։ Առաջին օրվա պաշտոնական հանդիպումից հետո մնացած երեք օրերը հագեցած են լինելու անվտանգության ռազմավարության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բազմաբևեռ՝ կրթական, մշակութային, գիտական, տնտեսական համագործակցության և սփյուռքի ներկայացուցչության հարցերին նվիրված նիստերով։
Վեհաժողովի հայտագիրը պատրաստված է հանձնակատարի գրասենյակի՝ իրենց սեղանների հետևում լավ տեղավորված մասնագետների կողմից։ Նիստերի նյութերը նախապես տարբեր համայնքների կողմից քննարկված, մշակված չեն։
Սփյուռքի հետ հարաբերությունները կարիք ունեն ավելի լայն խորհրդակցության։ Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը հաստատելով և այդ պաշտոնին նշանակելով Գլենդելի քաղաքապետին, երկու նպատակ էր հետապնդում. առաջինը՝ արտագաղթած հայաստանցիներին հայրենադարձության օրինակ ծառայեցնել պարոն Սինանյանին, երկրորդ՝ վարչապետի գրասենյակի անմիջական իրավասության տակ պահել սփյուռքի գործերի ղեկավարումը և համադրումը՝ հաշվի առնելով վերջինիս բազմաթիվ գործառույթները՝ ազգային, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, քարոզչական…
Գործնականում քաղաքական բարդ իրավիճակը, համաճարակը, պատերազմը շատ բան փոխեցին․․․ Փաշինյանի՝ իշխանության գլուխ գալուց ի վեր «Համաշխարհային հայկական վեհաժողով»-ը սփյուռքի հետ հարաբերությունները վերասահմանելու առաջին լուրջ փորձն է։
Ժիրայր Չոլաքեան
Նոր Յառաջ, թիվ 1773