2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները (Սպիտակ թուղթ)

2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի և քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաև առիթ դարձավ մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։ Այժմ՝ ութ ամսվա հետազոտություններից և լայնածավալ խորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել՝ որպես Սպիտակ Թուղթ, որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության այդ պատերազմում։ Այս զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների և բարեփոխումների վերաբերյալ: 

Սպիտակ Թուղթը, որի խորագիրն է «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», իրենից ներկայացնում է Հայաստանի, Ղարաբաղի և ողջ հայոց աշխարհի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերի մի համապարփակ ուսումնասիրություն:
Երկարաշունչ ուսումնասիրությունն ուղեկցվում է Կատարողական ամփոփագրով, բովանդակության ինտերակտիվ ցանկով և տեքստը լրացնող հավելվածներով ու նյութերով: Ուսումնասիրությունը հասանելի է չորս լեզվով՝ ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի և ապագա տարբերակների մի համակարգված վերլուծություն՝ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, և հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական դատողությունների վրա՝ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաև օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները քաղաքականություն ձևակերպելիս:

Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաև աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ:
Երեք հեղինակները՝ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան և նախկին դիվանագետ), սերտորեն և տարբեր կերպ ներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքում երկար տարիների ընթացքում:

«Սպիտակ Թուղթը» սահմանող մեկ կարևոր առանձնահատկությունը նրա լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել ընթերցողների վստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետները մեր հարցվողների տեսակետներից և ամբողջությամբ հնչեցրել առկա բոլոր կարծիքները՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մեր կարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց», - ասում է հեղինակներից մեկը՝ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը: 

Հետազոտության առաջին մասն իրենից ներկայացնում է 45 հարցվածների տեսակետների սպեկտրի ամփոփումը. տեսակետներ, որոնք վերաբերում են հեղինակների կողմից մի շարք զգայուն թեմաների վերաբերյալ ուղարկված հարցաշարին: Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերում՝ արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:
Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվա Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ինչպես նաև այն գործոնները, որոնք Հայաստանը և հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մասին մտածելիս ու դրանց հետ կապված ընտրություն կատարելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբևէ, պետք է ավելի իմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:

«Սպիտակ Թուղթը» տրամադրվել է Հայաստանի և Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվել է նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:

«Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է, — ասում է հեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանը՝ Փարիզից, — բայց և անմիջական առնչություն ու կիրառություն ունի քաղաքականության մեջ և կառավարության քաղաքականության ու գործողությունների մեջ: Մեր դիտարկումները և առաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախի ղեկավարներին, ինչպես նաև դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:

Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթի երրորդ նախնական տարբերակը և կարծիք հայտնել դրա վերաբերյալ, այս «Սպիտակ Թուղթը» մոտենում է հնարավորինս հավաքականորեն մտածելու ջանքերին այնքանով, որքանով դա հնարավոր է ներկա իրավիճակում:
«Հեշտ չէր հասնել երկու նպատակներին՝ առաջարկելով մի հավաքական աշխատանք, որը նույնպես գործնական արժեք ունի», — ասում է երրորդ հեղինակը՝ Ժիրայր Լիպարիտյանը Բոստոնից , և հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային և տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք և ինչ հնարավորություններ կան հիմա»:

Տե՛ս ֆրանսերեն բնագրի հղումը՝ https://bit.ly/3kSbWDL
Տե՛ս անգլերեն բնագրի հղումը՝ https://bit.ly/3MVgWDG
Տե՛ս հայերեն բնագրի հղումը՝ https://bit.ly/3L04roR
Տե՛ս ռուսերեն բնագրի հղումը՝ https://bit.ly/3FtBlgG

Մայիսի 8, 2022 թ.

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։