Որոնում
Close this search box.

Հաջորդ օրը

Ապրիլ քսանչորսի հաջորդ օրը ամեն մի հայ, հարյուր և ավել տարի ի վեր լիցքավորված (ինչպես կասեր հայրենաբնակը), ոգևորված և իր միտքում հաղթած, պիտի շարունակի իր առօրյա կյանքը։

Մենք էլ պիտի ասենք. - Բրավո՜ տղերք, ոգևորվեցիք եւ ոգևորեցիք ժողովրդին։ Ունեցաք այն խաբկանքը, որ հաղթեցիք թշնամուն և օրվա այս կարգախոսով ժողովրդին ուղարկեցիք տուն։ Մի խումբ հերոսներ հայրենիքի սահմանագծից շա՜տ հեռու թուրքական դրոշը այրեցին, վերջերս հայտնված թշնամու դրոշն էլ վառեցին՝ իրենց ուղեղների մեջ հասնելով Վան, Մուշ, Սասուն և ... Շուշի։ Իսկ ոչ մի թուրք կամ ադրբեջանցի ձեռքի տակ չունենալով՝ երկրի վարչապետին դավաճան և հողատու որակեցին ու անխնա քարկոծեցին։

Հասկանալի է, որ ցեղասպանությունից մազապուրծ փախած հայերի համար ոգևորելն ու ոգևորվելը անհրաժեշտութուն պիտի լիներ։ Ավելի ուշ ոգևորվելու զգացական հեշտանքը շարունակվեց և դարձավ հայ մարդուն նկարագրող գիծ․ վախենում եմ ասել, որ այդքան կարճ ժամանակի ընթացքում հայու գենի մաս կազմեց։

Եվ ոգևորվեցինք ու ոգևորեցինք հայ մարզիկի հաղթանակով, ինչ-որ ֆիլմի վերջում հայ ազգանուն տեսնելով, հայ գիտնականի հայտնաբերած գյուտով և երբ նորություն չգտանք, վերադարձանք հայ ֆիդայիների քաջագործություններին, քաղաքական և կուսակցական դեմքերին՝ մոռանալով ներկայի ու ապագայի՝ ազգի առաջ ծառացած ամենահրատապ հարցերը։

Պիտի զգաստանա՞նք արդյոք ազգովի։ Պիտի կարողանա՞նք լուռումունջ աշխատել հավաքական նպատակներին հասնելու համար։ Պիտի կարողանա՞նք հրաժարվել պոռոտախոս՝ ոգևորող ու ոգևորվող վարքից ու վարքագծից։ Մինչև հաջորդ ապրիլի քսանչորսը ժամանակ ունենք. այլապես տարիներ պիտի գան ու անցնեն, իսկ հայությունը ոչ միայն տարի պիտի կորցնի, այլև հիշյալ տարին հավերժացնող տարիները... բազմապատկված։

Գրիգոր Քրաճեան
Ապրիլ, 2023
Լիբանան

Հեղինակային նյութերն արտահայտում են Հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «DiasporArm»-ի կարծիքի և դիրքորոշումների հետ:

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով