Որոնում
Close this search box.

Պետական շահերի գերակայությունը

Հայաստանի ազգային անվտանգության համակարգի քայքայումը (ինչպես նաև քաղաքական վստահության ճգնաժամը) հաճախ վերագրվում է 44-օրյա պատերազմում կրած պարտությանը․ թեև պարտությունը երկուսին էլ նպաստեց, այն դրանցից ոչ մեկի պատճառը չէ։ Այն վերհանեց խնդիրներ, որոնք շատ ավելի խոր արմատներ ունեն։ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համակարգային և կառուցվածքային քաղաքական ու ռազմական թուլություններն ունեն մի ընդհանուր խորքային պատճառ՝ պետականության մշակույթի ու ավանդույթի քրոնիկ բացակայություն թե՛ քաղաքական ղեկավարության մտածելակերպում, թե՛ հանրության շրջանում։ Սա էլ, իր հերթին, գալիս է երկրում կուռ քաղաքական մշակույթի բացակայությունից, որտեղ, ընդհանուր առմամբ ապաքաղաքական հանրությունը, առավելապես կենտրոնացած լինելով քաղաքական առանձին ղեկավարների և նրանց գործունեության, ինչպես նաև իրենց՝ հանրության անդամների անձնական կյանքում այդ գործունեության ազդեցության վրա, գրեթե կամ բոլորովին չի գնահատում ավելի լայն, ազգային, խնդիրների լուծմանն ուղղված քաղաքական գործընթացներն ու նպատակը:

Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր կառավարությունների քաղաքական գծից բացակայել է պետական շահի բացարձակ գերակայության գաղափարը, որը հաջողակ ինքնիշխան պետությունների ուղղորդիչ, հիմնարար սկզբունքն է։ Շատ երկրներում պետականակերտման սկզբնական տարիներին, երբ չեն եղել անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքեր, տեսլական ունեցող առաջնորդներն են սահմանել, ձևակերպել և պաշտպանել պետական շահերը։ Հայաստանում նման ուղղահայաց գործընթաց երբևէ տեղի չի ունեցել։

Քաղաքական ղեկավարությունն իր գործառույթն ավելի շատ ընկալել է որպես արտոնյալ ժամանց, քան զրոյից պետություն կառուցելու դժվարին, անխոնջ, անհրապույր և անշնորհակալ աշխատանք՝ իր բոլոր կառուցվածքային տարրերով, անվտանգության միջոցառումներով, բազմազան ռազմավարական դաշինքներով և պաշտպանունակ ինքնիշխանություն կառուցելու համար անհրաժեշտ քայլերով։ Այն նաև մշտապես շփոթել է իր «կառավարման» կամ իր իշխանության շահերը պետության շահերի հետ։

Թեև բոլոր կառավարությունները հետապնդում են իրենց սեփական շահերը, նրանցից շատերը նաև հստակ տարբերակում են պետական շահն իրենց՝ ավելի նեղ շահերից։ Ռեալպոլիտիկը ձևավորվում է պետական շահերի հետևողական սպասարկման արդյունքում։ Նույնիսկ ամենակոռումպացված կառավարություններից որոշները կարողացել են պաշտպանել իրենց ինքնիշխանությունը՝ սահմանելով պետական անվտանգության այն կարմիր գիծը, որն իրենց կոռումպացված գործունեությանը թույլ չեն տվել հատել։ Երբ պետականությունը վտանգված է, նեղ անձնական շահերը ժամանակավորապես երկրորդ պլան են մղվում, առաջնային է դառնում վտանգի կառավարումը։ Պետական շահերի սպասարկման այս նպատակասլաց գործընթացում, կառավարությունները չեն երկմտում հանուն բարձրագույն պետական շահի պաշտպանության շրջանցել կամ խախտել ինչ-որ սկզբունքներ, արժեքներ, գաղափարախոսություն, նույնիսկ որոշակի իրավական սահմանափակումներ։ Սա է պատճառը, որ պետությունների միջև, որոնք ունեն տրամագծորեն հակառակ գաղափարախոսություններ և չունեն որևէ ընդհանուր արժեքներ, կարող են ձևավորվել և պահպանվել անհավանական ռազմավարական դաշինքներ, քանի դեռ դրանք ծառայում են այդ պետությունների պետական շահերին։

2021 թ․ մարտին ես մի հոդված եմ հրապարակել, որում քննարկվում են պետականության մշակույթի բացակայության պատճառները, հետևանքները և հնարավոր «դեղամիջոցները»։ Այստեղ ես կփորձեմ ներկայացնել այդ ախտանիշի ևս մի քանի հետևանք՝ մեծապես շեշտադրելով պարտությունից հետո գերակայող հանրային տրամադրություններն ու կառավարության վարած քաղաքականությունը։

Ռեալիզմն ընդդեմ պարտվողականության

Ռազմական պարտությունից հետո հաջորդ վատագույն թշնամին պարտվողական հոգեվիճակն է։ Պարտվողականությունը հատկապես մահացու է, երբ հանդես է գալիս «ռեալիզմի» քողի ներքո։ Մեր պարտությունից քաղած ամենավտանգավոր և սխալ դասն այն է, որ դա անխուսափելի էր, որ մենք երբեք չէինք կարողանալու հաղթահարել միջազգային հանրության ճնշող մեծամասնության այն ընկալումը, թե իբր Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է, որ մենք չունեինք դիվանագիտական և իրավական հիմքեր և միջոցներ փոխելու կամ գոնե մեղմելու այդ ընկալումը, որ 30 տարիները բավարար չէին այս առումով զգալի առաջընթաց գրանցելու կամ մեր պաշտպանական կարողությունները հզորացնելու և արդիականացնելու համար, որ ողջ հայ ժողովուրդը 1990-ականների իր հաղթանակներն ամրապնդելու և դրանց «տեր կանգնելու» ռեսուրսներ չուներ։ Չէ՞ որ, եթե պարտությունն անխուսափելի էր, իրատեսականությունը ենթադրում է, որ մենք պետք է ընդունենք պատերազմի ելքն ու դրա հետևանքները։ 

Ի՞նչ է ռեալիզմը քաղաքականության մեջ։ Ներկան գնահատելիս ռեալիստ լինելը համեմատաբար հեշտ է։ Այն հենվում է առկա դիտարկելի փաստերի վրա։ Փորձառու և պրագմատիկ քաղաքական գործիչը կարող է նույնիսկ մի կողմ դնել զգացմունքներն ու կանխակալությունը և փաստերն ընդունել այնպիսին, ինչպիսին դրանք կան․ մենք պարտվեցինք պատերազմում, հազարավոր կյանքեր ու դժվարին ճանապարհով ձեռքբերված տարածքներ կորցրինք, նշանակալիորեն նվազեց մեր աշխարհաքաղաքական և դիվանագիտական կշիռը, որպես ինքնիշխան պետություն՝ կորցրինք մեր կարևորությունը և ռազմական առումով թույլ ենք։ Կարճ ասած, սա է ներկայի իրատեսական գնահատականը։

Դժվարը ապագան իրատեսորեն գնահատելն է, որովհետև ապագայի ռեալիզմը ոչ թե հիմնված է վերջին շրջանում պատահած իրադարձությունների վրա, այլ՝ ինչ-որ մեկի տեսլականի առ այն, թե իրատեսորեն ինչի կարելի է հասնել ապագայում։ Ենթադրել, որ այսօրվա իրականությունը նաև վաղվա իրականությունն է, որ մենք չունենք անհրաժեշտ ուժ այն ձևավորելու կամ վերափոխելու համար, որ արտաքին պայմանները չեն փոխվի կամ, եթե փոխվեն, հնարավորություններ չեն ստեղծի իրավիճակի փոփոխության համար, իրատեսական չէ։ Դա պարտվողական մոտեցում է։ Այդ դեպքում չկա տեսլական կամ ձգտում իրատեսորեն կառուցելու ներկայից տարբերվող ապագա։ Ոչ մի քաղաքական ղեկավարություն չի կարող ծառայել իր ժողովրդին կարծրացած մտածելակերպով, որովհետև ապագայի իրատեսական տեսլականն ու դրան հասնելու նպատակադրումն արդյունավետ քաղաքական ղեկավարման նախադրյալներն են։

Վերոնշյալը մի կարևոր հարցադրում է առաջ բերում՝ իսկ ո՞վ է որոշում, թե ի՞նչն է իրատեսական ապագայում։ Օտտո ֆոն Բիսմարկի՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստն է» հայտնի արտահայտությունը հաճախ ցիտում են՝ որպես իրատեսության կոչի փաստարկ։ Բայց քչերն են հարցնում՝ թե ըստ ու՞մ՝ «հնարավոր»։ Կամ իրատեսական՝ ըստ ու՞մ։ Արդյո՞ք Սարդարապատի հաղթանակն իրատեսական կհամարվեր պատերազմից մեկ տարի առաջ։ Արդյո՞ք այսօրվա «իրատեսներից» որևէ մեկն անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը հավանական կհամարեր 1918 թ․ մայիսից մեկ տարի առաջ, երբ հայ ժողովուրդը կրեց իր պատմության ամենամեծ մարդկային և տարածքային կորուստները։ Ո՞վ հնարավոր կհամարեր Շուշիի կամ յոթ հարակից շրջանների ազատագրումը երեսուն տարի առաջ։

Բանն այն է, որ ներկայի ռեալիզմից ապագայի ռեալիզմ անցումը հիմնվում է տեսլականի, դատողությունների, երևակայության, նպատակասլացության, համարձակության, խիզախության և, թերևս, ամենակարևորը՝ նպատակի վրա։ Ուստի, այն միանշանակ չէ։ Հեգնանքն այն է, որ միայն նրանք, ովքեր կարող են երազել, կարող են իրատես լինել ապագայի հանդեպ։ Նրանք, ովքեր չեն կարող երազել, պարզապես ներկան արտացոլում են ապագայում, քանի որ նրանք ունակ չեն տեսնելու ներկայից անդին։

Եթե մեր պարտությունից քաղած սխալ դասն այն է, որ այն անխուսափելի էր, ապա ո՞րն է ճիշտ դասը։ Ահա մեկ իրատեսական պատասխան՝ մենք պարտվեցինք պատերազմում, որովհետև իրար հաջորդած կառավարությունները չհասկացան պետականության գերակայության կարևորությունը, էլ չխոսենք այն արժևորելու մասին․ քանզի անկախության առաջին իսկ օրերից Հանրապետությունը մտածված կերպով կառուցվեց թույլ հիմքերի վրա, հատկապես՝ ազգային անվտանգության առումով։ Քանզի հենց սկզբից կառավարությունը քանդեց այն հետախուզական կարողությունները, որ ժառանգել էր Խորհրդային Միությունից՝ փոխանակ դրանց հիման վրա զարգացներ նոր կարողություններ։ Քանզի Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո մենք նախընտրեցինք Հայաստանի զգալի գիտական ներուժը չծառայեցնել ազգային անվտանգությանը։ Քանզի հաղթանակից և 1994 թ․ Բիշքեկի հրադադարի համաձայնագրից անմիջապես հետո մենք չամրապնդեցինք մեր ձեռքբերումները միջազգային իրավական միջոցների և ինտենսիվ, մտածված և նպատակամետ դիվանագիտությամբ՝ Արցախի կարգավիճակն ամրագրելու և Արցախի՝ Ադրբեջանի անքակտելի մաս լինելու մասին միջազգային գերակայող ընկալումը փոխելու համար։ Քանզի մենք չափազանց երկար արբեցանք մեր հաղթանակով և չկարողացանք արդիականացնել մեր զինված ուժերը․ վերջին 28 տարիներն անցկացրինք ինքնագոհության և կոռուպցիայի մեջ՝ մոռանալով այն փաստը, որ մշտապես հատում էինք այն կարմիր գիծը, որը վտանգում էր մեր պետականության շահերը։ Որովհետև հարմարավետ ներկայում տեղավորվելով՝ մենք չձևավորեցինք տնտեսապես զարգացած, ռազմականորեն անառիկ ու բարեկեցիկ Հայաստանի և Արցախի կառուցման հստակ և հասանելի տեսլական, ոչ էլ բավարար նվիրում ունեցանք մեր պետականությանը նման տեսլականի հետևից գնալու համար։ Որովհետև Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն անհոգ հավատում էին այն հնացած ենթադրությանը, որ Հայաստանը կարող էր անվտանգության հարցում հույս դնել արտաքին երաշխավորի վրա՝ անտեսելով այն, թե ինչպես է աշխարհը, տարածաշրջանը և ենթադրյալ երաշխավորի շուրջ հանգամանքները փոխվում։ Որովհետև մենք ներդրում չկատարեցինք մեր կարողությունների և երկրի հզորացման մեջ, և մեր քաղաքական ղեկավարությունը, անկախության տարիների ստատուս քվոն ընդունելով որպես ինքնին ենթադրվող իրողություն, առավել հետաքրքրված էր իր հարստացմամբ, քան պետականաշինության և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակեցմամբ․․․

․․․ Եվ որովհետև պատերազմի ընթացքում մենք չգործեցինք հաղթելու կամքով և վճռականությամբ․ քանզի պատերազմը մղվեց մեր իրական հնարավորությունների մի մասի չափով և ցնցող ռազմավարական սխալներով։ Եվ վերջապես, ինչպես հազարավոր կյանքերը, այնպես էլ ինքնիշխան պետականությունն (ի տարբերություն ռեժիմի գոյատևման) ինքնին զոհաբերելի էին կառավարության համար։ Որքան էլ ծանր է հնչում այս գնահատականը, այդուհանդերձ, այն ռեալիստական է։

Անվտանգություն խաղաղության միջոցով

Հայաստանի կառավարության կողմից հռչակված «խաղաղության դարաշրջանի» հիմնական քաղաքական նպատակն ազգային անվտանգության ապահովումն է։ Գաղափարը թևաթափության աստիճան պարզ է՝ եթե մենք մեր թշնամիների հետ համաձայնության ենք գալիս սահմանների հարցում, խաղաղության համաձայնագիր ենք ստորագրում նրանց հետ և բացում ենք հաղորդակցության և առևտրային ուղիները, դրանով իսկ չեզոքացնում ենք ապագա ռազմական ագրեսիայի սպառնալիքը, ապրում ու բարգավաճում ենք խաղաղության մեջ։ Ինչը՞ կարող է ձախողվել։

Անշուշտ, խնդիրն այն է, որ դա չէ այն ձևը, որով աշխարհն առաջ է շարժվում։ Եվ աշխարհը, հատկապես այդպես չի գործում՝ հաշվի առնելով մեր թշնամիների էությունը։ Մեր թշնամիները խաղաղության մեջ բարի կամք չեն դրսևորելու, ինչպես մեծահոգություն չդրսևորեցին իրենց հաղթանակի ժամանակ և 44-օրյա պատերազմից հետո։ Անվտանգությունը խաղաղության հետևանք չէ և երբեք չի եղել։ Հակառակը շատ ավելի ճշմարտացի է։ Ուժեղ ազգային անվտանգությունը կարող է խաղաղությունը հնարավոր դարձնել, բայց ոչ երբեք հակառակը։

Ազգային անվտանգության հասնելու միակ ճանապարհը՝ ուժն է։ Ուժ ասելով՝ հասկանում ենք բառի ամենալայն իմաստը՝ ուժեղ, ժամանակակից և տեխնոլոգիահեն ռազմական ուժեր, մրցունակ կառավարություն, բարձր մակարդակի հետախուզություն, բազմազան և փոխշահավետ ռազմավարական դաշինքներ, նպատակասլաց, հստակ բազմակողմ դիվանագիտություն, պայքար տեղեկատվական պատերազմի առաջնագծում, առաջատար ու մրցունակ տնտեսություն։ Ազգային անվտանգությունը չի կարող արտապատվիրվե, ոչ էլ ապավինել թշնամու բարի կամքին, այն էլ ցեղասպանական նպատակներ ունեցող ագրեսիվ թշնամու։

Խաղաղության ձգտումը՝ որպես անվտանգության հասնելու միջոց, առանց վերոնշյալ նպատակների, կարծես թե խաղաղությունն անվտանգության հասնելու այն հարմար ու ամենակարճ ճանապարհն է, որը թույլ կտար խուսափել ինքնիշխան պետության պարտադիր գործառույթների միջոցով այն մաս-մաս կառուցելու ծանր աշխատանքից, բացարձակ միամտություն է և ռեալպոլիտիկի բացարձակ անտեսում։

Դա նաև պետական շահի գերակայությունը չգիտակցելու ուղղակի հետևանք է, էլ չասենք այն արժևորելու մասին։

Սփյուռքի ներգրավման անվերջանալի խոսույթը

Ես առաջին անգամ Հայաստան եմ այցելել 33 տարի առաջ՝ 1989 թ․ դեկտեմբերին՝ Գյումրիի կործանիչ երկրաշարժի առաջին տարելիցին, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության մաս էր։ Այդ այցի ժամանակ և այդ ժամանակից ի վեր ես լսել ու մասնակցել եմ Հայաստանի զարգացման գործընթացում սփյուռքի ներգրավման հարցին նվիրված անթիվ քննարկումների։ «Սփյուռքի ներգրավումը» տարբեր նշանակություն ունի տարբեր խմբերի համար։ Որոշ արժանի բացառություններով՝ քննարկումների մեծ մասը դատարկ խոսքեր էին։ Զարմանալի չէ, որ այս հարցում առաջընթացը լավագույն դեպքում կաղել է։

Սփյուռքի և Հայաստանի կառավարության բովանդակալից փոխներգրավման ձախողման համար կան շատ արդարացված պատճառներ՝ սկսած մշակույթների հասկանալի բախումից մինչև տեսլականների և միմյանցից սպասումների տարբերություններ։ Բայց կան նաև պակաս օբյեկտիվ պատճառներ, որոնք վերաբերում են շահագործելու պատեհապաշտական ​​միտումներին և փոխըմբռնման հասնելու ոչ ադեկվատ ջանքերին։

Բայց, ի վերջո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր էր (և պարտավոր է) որդեգրել սփյուռքի հսկայական տաղանդն ու ռեսուրսները ներգրավելու խոհեմ քաղաքականություն՝ ի սպասարկումն պետական շահերի։ Վերջ ի վերջո հայ ժողովրդի ռեսուրսների 75-80 տոկոսը սփյուռքում է՝ նկատի ունեմ մարդկանց թվաքանակը, կրթության մակարդակը, մասնագիտական որակները, ֆինանսական կարողությունները, վարչարարական և կառավարչական փորձը, գիտության, բժշկության և տեխնոլոգիաների ոլորտում կարողությունները, գլոբալ կապերը, ռազմական, ռազմավարական հարցերում և հետախուզական գործողություններում փորձառությունը:[1]

Ցանկացած կառավարություն, որն իսկապես հետաքրքրված է պետական շահերի առաջմղմամբ, կդիմեր ծայրահեղ միջոցների այս կարողությունը պետության շահերին ծառայեցնելու համար։ Բայց անկախությունից ի վեր իրար հաջորդած մեր կառավարություններն արել են ճիշտ հակառակը՝ սփյուռքի ներկայացուցիչների՝ ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար ստեղծելով իրավական և նույնիսկ սահմանադրական խոչընդոտներ։

Սփյուռքի ռեսուրսները ներգրավելու դեմ դիմադրությունն այնքան արմատացած է, որ անցել է իրավական խոչընդոտներից անդին։ Մինչ փորձառություն անցնելն ու ցածր պաշտոնները խրախուսվել են, գործադիր և դատական իշխանության բարձր պաշտոնները գրեթե անհասանելի են, եթե նույնիսկ արգելված չեն օրենքով։ Սփյուռքի կարողություններն ու որակավորումները դիտարկվում են որպես անցանկալի միջամտություն քաղաքական էլիտայի հարմարավետության գոտուն և հաստատված գործելաոճին՝ անկախությունից ի վեր բոլոր վարչակարգերի մոտ հանգեցնելով իշխանությունը կիսելու մշտական դիմադրության՝ գլխավորապես սեփական նեղ անձնական շահերն ազգային և պետական շահերի հաշվին սպասարկելու համար։

Սա նույնպես պետական շահի գերակայությունը չգիտակցելու ուղղակի հետևանք է, էլ չասենք այն արժևորելու մասին։

*   *    *

Պետության բարձրագույն շահերով չառաջնորդվելու ախտանշանները բազմաթիվ են։ Առանց մանրամասնելու թվեմ միայն մի քանիսը․ զինված ուժերի ողբալի վիճակը դրանցից մեկն է բոլոր առումներով․ 2020 թ․ նոյեմբերի 9-ից ի վեր հետընթաց են ապրել թե՛ զինված ուժերի կարողությունները, թե՛ բարոյահոգեբանական վիճակը և թե՛ զինված ուժերի ղեկավար կազմը։ Ցանկացած կառավարություն, որը հասկանում է պետական շահերի բարձրագույն արժեքը նոյեմբերի 9-ից ի վեր իր առաջնահերթությունը կդարձներ ԶՈՒ ամրապնդումն ու արդիականացումը։ Փաստացիորեն, եթե մենք հավատայինք մեր պետականությանը, երկրի և ժողովրդի համալիր ռազմականացումը կլիներ մեր կարևորագույն առաջնահերթությունը։

Երկրի կրթական համակարգի լիակատար անտեսումը մեկ այլ ախտանիշ է։ Ոչ մի կառավարություն, որը մտահոգված է պետական շահերով, ուսուցիչների միջին աշխատավարձը չէր սահմանի 6 անգամ ավելի ցածր քան ոստիկանի միջին աշխատավարձն է՝ չհաշված կանոնավոր հավելավճարները, որոնք տրվում են ոստիկանական ուժերին։ Հայաստանի ներքաղաքական խոսույթի աղետալի վիճակը մեկ այլ ցուցիչ է։ Ամեն անգամ ես սարսռում եմ սոցիալական ցանցերը թերթելով։ Խմբակցությունները միմյանց մեղադրում են երկրի բոլոր ցավերում՝ մերժելով ու մոռանալով իրենց սեփական պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը․ այժմ նրանց աջակիցներն անվանակոչության, միմյանց վրա ցեխ շպրտելու և միմյանց հասցեին անպարկեշտ հայհոյանքներ հնչեցնելու այնպիսի ալիք են սկսել, որ անհնար է հավատալ, թե դրանում ներգրավված որևէ մեկն իսկապես մտահոգված է հայկական պետականությամբ։

Ուղերձ առաջնորդների նոր սերնդին

Այս խոր արմատներ գցած ճգնաժամը միայն մի կարճաժամկետ լուծում ունի՝ քաղաքական առաջնորդների նոր սերնդի ձևավորում, որն ինքնին կհասկանա ու կարժևորի պետական շահերի բարձրագույն արժեքը։ Այդ սերունդը պետք է այնպիսի խիզախություն ու անձնուրաց նվիրվածություն դրսևորի, ինչպիսին որոշ երկրների հիմնադիր հայրեր․ դրանց թվում են՝ Սինգապուրը, Ֆինլանդիան, Իսրայելը, որոնք իրենց ինքնիշխան պետականության հիմնադրման ժամանակ շատ ավելի բարդ խոչընդոտների բախվեցին, քան Հայաստանը։ Երբ քաղաքական ղեկավարման նոր սերունդ ձևավորվի, որն իր աշխատանքը կհամարի ոչ թե արտոնյալ ժամանց՝ գրավիչ առավելություններով և արտոնություններով, այլ կայուն, ինքնիշխան պետություն կառուցելուն միտված իրապես ծանր ու անշնորհակալ աշխատանք, այդ ժամանակ գուցե Հայաստանը վերջապես կարողանա աճեցնել հանրային ծառայության մասնագիտացված կադրեր՝ քաղաքացիական պարտքի հաստատուն զգացումով, ինչը գոյություն չի ունեցել անկախությունից ի վեր իրար հաջորդած մեր որևէ վարչակարգում։ Մինչ այժմ, հազուադէպ, բայց արժանայիշատակ բացառութիւններով, Հայաստանի հանրային ծառայութիւնը պարզապէս արտացոլած է քաղաքական ղեկավարութեան վարքագիծը։ Մինչ այժմ, հազվադեպ, բայց արժանահիշատակ բացառություններով, Հայաստանի հանրային ծառայությունը պարզապես արտացոլել է քաղաքական ղեկավարության վարքագիծը։ Միայն ամենաբարձր քաղաքական ղեկավարության վարքագծի հիմնարար փոփոխությունը կարող է վերջապես պատասխանատվության զգացում, հպարտություն և գերազանցություն բերել հանրային ծառայության ոլորտ։

Անկախությունից ի վեր մենք փուչ հռետորաբանությունից զատ քաղաքական կամքի, տեսլականի, մեր պետականության հանդեպ հավատի ու ազգային նպատակի զգացումի՝ պետական շահերի գերակայության գիտակցման, խիստ պակաս ենք ունեցել, և պատասխանատվության պակաս՝ հանուն այդ նպատակի կատարելու բազմաթիվ անշնորհակալ, բայց գործնական քայլեր։ Ահա թե ինչու պետության ինքնիշխանության ամրապնդումը, որը հիմնարար սկզբունք է հատկապես համեմատաբար նորաստեղծ պետություններում, երբ դեռևս չկան անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքեր, չի դիտարկվել Հայաստանում։ Քանի դեռ այս բացը չի լրացվել, բոլոր մյուս բարեփոխումները, նույնիսկ եթե հանգեցնեն տեսանելի սահմանային (մարգինալ) բարելավումների երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և կառավարման համակարգում, ընդամենը ցուցադրական քայլեր կլինեն։

Երկարաժամկետ և ավելի հիմնարար լուծումը կրթական համակարգի ամբողջական վերանայումն է և պետական կառույցների մտածված ու մեթոդական կառուցումը։ Բայց դա չի կարող տեղի ունենալ առանց կատալիզատորի, որն էլ վերոնշյալ կարճաժամկետ լուծումն է։ Այս կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցների համադրումը կարող էր հեղափոխել հանրային ծառայության մշակույթն ու պրակտիկան՝ դրանով իսկ վերափոխելով կառավարության թե՛ կառուցվածքը, թե՛ աշխատելաձևը։ Միայն այդ ժամանակ Հայաստանը հնարավորություն կունենա վերջապես արմատախիլ անելու հետխորհրդային օլիգարխիկ համակարգը և այն փոխարինելու արդյունավետ, գործունակ պետությամբ։

Հոդվածի հեղինակ՝ Վահան Զանոյեան, Առավոտ, Հունիսի 27, 2022


[1] «Սփյուռք» ասելով՝ ես չեմ հասկանում միայն էթնիկ հայերին, որոնք ապրելով արտասահմանում գրեթե կամ ընդհանրապես կապված չեն Հայաստանին, այլ նաև ՀՀ քաղաքացիներին, որոնք արտագաղթել են, ստացել օտարերկրյա քաղաքացիություն և ներկայումս ապրում են արտասահմանում, օտար երկրների էթնիկ հայ քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել անկախությունից հետո և օտար երկրների էթնիկ հայ քաղաքացիներին, որոնք դեռևս չունեն ՀՀ քաղաքացիություն, բայց ՀՀ օրենքով կարող են այն ստանալ։

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով