Հայաստանի հանրակրթական համակարգը մինչ օրս չի կարողանում համընթաց քայլել տեղեկատվական դարաշրջանի բերած փոփոխությունների հետ։ Միջնակարգ կրթությունը փաստացի հիմնված է անգիր սովորելու, ստանդարտացման և տեսական գիտելիքների վրա, բայց ոչ կիրառական և խմբային աշխատանքի։
Փորձը ցույց է տալիս, որ ուսանողակենտրոն, մասնակցային և ճկուն ուսումնական միջավայրը մեծ պահանջարկ ունի Հայաստանի յուրաքանչյուր համայնքում, ինչը հիմք է հանդիսանում տեղական և միջազգային կազմակերպությունների համար իրենց ռեսուրսներն ու ծառայությունները տրամադրելուն՝ լրացնելու կառավարության անբավարար ջանքերը՝ նշանակալից դեր խաղալով որակյալ մարդկային ռեսուրսներ ձևավորելու և ուսանողներին մասնագիտական կողմնորոշում ապահովելու գործում:
Էջմիածնի` 2022 թ․ հունիսին հիմնադրված պատանի առաջնորդների դպրոցը 14-19 տարեկան երիտասարդների համար նմանատիպ ոչ ֆորմալ կրթական հարթակներից է և միտված է գրագետ, պատասխանատու և բարեկիրթ քաղաքացիների ձևավորմանը՝ օժտված ռազմավարական մտածողությամբ և հակված դեպի նորարարությունները։
Դպրոցի հիմնական նպատակներն են գյուղական երիտասարդության զարգացումը և հզորացումը, երիտասարդ առաջնորդներ բացահայտելն ու աջակցելը, երիտասարդության բարեկեցությանը նպաստելն առհասարակ:
Չորս ամիս տևող դասընթացների ընթացքում (երկարաձգվելու են մինչև վեց ամիս՝ սկսած 2023 թվականի մարտից) ուսանողները ստանում են արժեքների, հմտությունների և գիտելիքների ամուր հիմք, որոնք անհրաժեշտ են կյանքում և աշխատանքում հաջողության հասնելու համար:
Երկարաժամկետ հեռանկարը երիտասարդությանը գիտելիքով զինելն է և միասին բարգավաճ Հայաստան կառուցելը։
Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ ներառելով սեմինարներ, գործնական պարապմունքներ, թրեյնինգներ և այցելություններ: Որպես բանախոսներ հրավիրվում են տարբեր ոլորտների կայացած մասնագետներ, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելուց բացի լավ կապեր են դառնում ուսանողների համար՝ պատրաստ լինելով ներդրում ունենալ նրանց հետագա գործունեության մեջ ևս։
Շատ ուրախ կլինենք ստանալ ձեր կարծիքները, խրախուսանքը, աջակցությունը կամ համագործակցության հրավերը: