Որոնում
Close this search box.

Սփյուռք

Հայկական սփյուռքը ունի ներքին զարգացումներ, որոնք սկիզբ ու թափ են առել մեծ գաղթից ևեթ տարբեր երկրներ հասած ու այնտեղ կազմավորված համայնքների տեղական առանձնահատկությունների համաձայն:

Իրավիճակ, Հնարավորություններ, Կազմակերպում

The Diaspora embodies power and represents a value which, however, is unorganized, mostly unused and unrevealed by the Armenian political leadership. How is it possible to revitalize and modernize the Diaspora in parallel to shaping and establishing our pro-state and pan-Armenian way of thinking, thus putting it at the service of factual strengthening of Armenia, the Diaspora itself and establishing of a horizontal inter-Diaspora cooperation?

Իրավիճակ

Հայկական սփյուռքը ունի ներքին զարգացումներ, որոնք սկիզբ ու թափ են առել մեծ գաղթից ևեթ տարբեր երկրներ հասած ու այնտեղ կազմավորված համայնքների տեղական առանձնահատկությունների համաձայն:

Կազմված են արևելյան համայնքներ, որտեղ լեզուն, մշակույթը, ավանդույթները ավելի ամուր ու կայուն հիմքերի վրա են դրված, և որտեղ տեղական միջավայրի հետ շփումն ու իր մեջ ձուլումը ավելի դժվար են եղել, քան` արևմտյան, լատին-ամերիկյան կամ նախկին խորհրդային երկրների մեջ, որտեղ ևս նախապես ծավալված են եղել ավելի հարուստ, բայց հետզհետե մաշվող ու հյուծվող մշակութային, կրթական գործունեություններ, բայց որտեղ հայ մտածողների ու ապրողների թիվը, համեմատած «ծագումով հայերի» հետ, տասնամյակ առ տասնամյակ նոսրացած է:

Այստեղ պետք է նշել հայի տեսակի նաև երանգների երևույթը, որը տարբերվում է` ըստ բնակության, երկրի ու ըստ ընտանեկան կամ ընկերային միջավայրի. Կա ներգործոն, կազմակերպական կյանքի մեջ ներգրաված, քիչ ներգրաված կամ չներգրաված, հաճախակի կամ հազվադեպ մասնակցություն ունեցող, միայն ընտանեկան միջավայրի մեջ հայեցիությունը ապրող, հայերեն խոսող, բայց հայերենով չմտածող ու չստեղծագործող հայը… և այսպես շարունակ: Ու սրան պետք է ավելացնել սփյուռքը ու հիմնականում արևմտյան երկրների սփյուռքին նոր դիմագիծ բերող Հայաստանից արտագաղթած հայրենակիցների վերջին տասնամյակների փաղանգները, որոնք տեղ-տեղ առանձնացված են ապրում` չխառնվելով դասական սփյուռքին, տեղ-տեղ ստեղծել են մշակութային, կրթական առայժմ համեստ կառույցներ (նայած երկիր), բայց որոնք միաժամանակ ցույց են տալիս իրենց լուրջ մասնակցությունը Ապրիլի 24-ին կամ Արցախին ի նպաստ կազմակերպած գործունեությանը, օգնությանը ու ցույցերին:

Պետք է ողջունել ու ըստ արժանվույն գնահատել ձուլման ճանապարհին կամ առնվազն անտարբեր թվացող հայերի վերջին տասնամյակներում շոշափելի վերածնունդն ու ազգային պատկանելիության զգացումի անբարդույթ դրսևորումը` ազդված հատուկ ժամանակաշրջանների դեպքերից, ինչպես` 88-ի երկրաշարժը, 90-ականների արցախյան ազատամարտը, 2016-ի քառօրյա պատերազմը, 2018-ի իշխանափոխության բերած նոր Հայաստանի հույսերը և, վերջապես, արցախյան վերջին պատերազմը` իր զոհերով, հողային կորուստներով ու ընկճվածությամբ:

Պետք է սփյուռքի հասկացողության մեջ ներգրավել նաև, հատկապես` դասական սփյուռքի մտքում, խորհրդային նախկին տարածաշրջանի, արևելյան և կենտրոնական Եվրոպաների, նաև Ծայրագույն Արևելքի երկրների, նույնիսկ աֆրիկյան որոշ երկիրների համայնքները, լինեն դրանք մեծաթիվ կամ փոքրաթիվ, նորաստեղծ թե հին:

Ու կարելի է միանգամայն հայտարարել, որ մենք ունենք հարուստ ներուժով, լայն, բայց ըստ արժանվույն չարժևորված հնարավորություններով աշխարհածավալ սփյուռք:

Սփյուռքը նաև կազմակերպված կյանք է` կառույցներ, դպրոցներ, մշակույթի կենտրոններ, եկեղեցի, կուսակցություններ, բարեգործական ու բարեսիրական, երիտասարդական, արհեստագիտական խմբավորումներ: Սփյուռքը, չմոռանանք, որ պատմություն է, դեմքեր և դեպքեր: Սփյուռքը, հատկապես Հայաստանի համար բաբախող սիրտ է: Սփյուռքը, ի վերջո, ապագա է, նույնիսկ, երբ շատերը այն պատկերացնում են որպես մաշվող ու ձուլվող ժամանակավոր իրականություն:

Այս հպանցիկ և ընթերցողներից շատերին ծանոթ ներկայացումը օգտակար համարեցի նախքան սփյուռքի հետ կապված մեր պատկերացումներին և այնտեղից մեկնած` ակնկալիքների, բնույթի ու որոշ նպատակների մասին մտածելը ու դրանք իրագործելու ճանապարհների շուրջ մասնակի նմուշներ ներկայացնելը:

Հնարավորություններ

Հիմնականում արհավիրքի ու մեծագույն կորուստների հետևանքով ստեղծված սփյուռքը վերածվել է քանակական ու որակական առավելության, նախ` ազգի մեկ հատվածը պահպանելու ու դրա կենսաբանական և հատկապես մտավոր ու մշակութային զարգացումը ապահովելու առումով, որին պետք է գումարել խորհրդային Հայաստանի մեջ ծնված ու Հայաստանի Հանրապետությունից եկած հայրենի ժողովուրդի բերած լեզվի (անկախ տարբերությունից), մշակույթի, ինչպես նաև ավանդույթնների ու սովորությունների ժառանգութունն ու ստեղծագործությունները:

Միասին դրանք կազմում են մեր առաջիկա տասնամյակների սփյուռքի ու համահայկական ուժի ինքնադրսևորման հենասյունը։ Այդ առավելությունը, որ հատուկ չէ միայն հայ ժողովուրդին, կազմում է այն պատվանդանը, որի վրա պետք է կառուցել «հզոր Հայաստան, հզոր հայություն» իրականությունը` ոչ միայն հայաստանակետրոն դրվածքով, այլ նաև` սփուռքը ամրացնելու, վերակազմակերպելու, առողջ և որակյալ մարմնի վերածելու համար:

Եթե փորձենք արագ հայացքով գնահատել մեր սփյուռքի հնարավորությունները, կտեսնենք, որ ունենք արհեստներից մինչև գիտական, ռազմական ,մարզական, կրթական (ու ոչ միայն հայ կրթություն), մշակութային (ու ոչ միայն հայ մշակույթ), գործարարականից մինչև արհեստագիտական ահռելի քանակությամբ ու մեծ փորձառությամբ մարդիկ` տարբեր տարիքի ու տարբեր աշխարհագրական տարածքներից, որոնք, սակայն, առաջին հերթին իրար ճանաչելու ու միասին համագործակցելու հորիզոնական հարթակներ կամ միջավայր չեն ունեցել:

Մյուս կողմից, այդ մարդիկ ունեն իրենց զբաղվածության և մասնակցության չափը, ունեն իրենց տեղական մտայնությունները, ունեն իրենց մտավախություններն ու երբեմն նախապես ունեցած ձախողած փորձը: Ուստի, անհրաժեշտ է անհատների նկատմամբ, ըստ տեղի, մասնագիտության, նույնիսկ` տեսակի, հատուկ վերաբերմունք ցուցաբերել, որովհետև նպատակը սիրով, համոզումով այդ մարդկանց ներգրավելն է հավաքական պատկանելիության ու ընդհանուր գործի մեջ:

Նույնիսկ եթե այդ ներգրավումը պետք է շահավետ լինի նրանց համար, լինի դա զգացական մակարդակի` օգտակար դառնալու զգացում, հպարտության, զորակցության (solidarité) կամ` գործնական ու նյութական մակարդակի վրա, ինչպես` նոր կապեր հաստատել, նոր դռներ բացել ու սեփական գործը առաջ մղել:

Ակնկալիքներ

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի սփյուռքը թե՛ իր համար, թե՛ Հայաստանի համար, և որո՞նք են դրանց սահմանափակումներն ու դժվարությունները: Նշեմ մի շարք մարտահրավերներ, ընդունելով, որ յուրաքանչյուրս կարող է ունենալ տարբեր առաջնահերթություններ:

Բայց նախ նշենք, որ հզոր ու հարատև պետության գոյությունը կանցնի, ի վերջո, հայրենադարձության միջոցով․ սա հարցերի հարցն է:

Մինչ դա, հիմա մենք ունենք, օրինակ, Հայաստանի և հայի հեղինակության բարձրացման օրակարգ, հայապահպանման տարածման և ամրացման, ավելին` հայ ինքնության նորովի զարգացման օրակարգ, դպրոցական համակարգի զարգացման օրակարգ` թե՛ ցանցի և թե՛ ծրագրերի առումով, սփյուռքի անհատական և հավաքական կարողությունների հայտնաբերման, հավաքագրման և գործի դնելու օրակարգ, ծնելիության քաջալերման, այո՛, նույնիսկ սփյուռքում, միջսփյուռքյան համագործակցությունների ստեղծում, մասնակցություն` Հայաստանի պետական, թե՛կետրոնական և թե՛ տարածքային ծրագրերի` գյուղական միջավայրի զարգացումից մինչև մշակութային ստեղծագործությանց միջազգային հանրության ներկայացում, տնտեսական-ներդրումային ծրագրերերից մինչև արտահանման խթանում ու նոր շուկաների բացում, արտաքին քաղաքականության աջակցումից մինչև առողջապահական համակարգի հզորացում ու մարդասիրական ծրագրեր, գիտության ու կրթության որակական վերելքից մինչև այդ ոլորտների համար համապատասխան միջազգային համագործակցությունների ստեղծում:

Այլ առիթներով կարելի է մանրամասն քննարկման ենթարկել յուրաքանչյուր առաջարկ, ինչպես, օրինակ, կրթական ոլորտի մեջ դասագրքերի կամ հայոց լեզվի ուսուցիչների պատրաստման խնդիրը, արտաքին քաղաքականության մեջ` քարոզչական բանակի ստեղծման ու լոպիինկի արդյունավետության բարձրացման խնդիրը կամ տնտեսության մեջ` զբոսաշրջային ենթակառույցների զարգացման, փաթեթների ձևավորման ու զբոսաշրջիկների թվի աճի խնդիրը, և այսպես շարունակ:

Այլ խոսքով, մարտահրավերները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Գործ կա, սիրելիներ:

Սփյուռքի մեծագույն խնդիրներից մեկը իր քարացած, կաղապարված և ինքնամաշման տանող նախորդ դարաշրջանի մեխանիզմներով աշխատելն է… 21-րդ դարում:

Սփյուռքը ղեկավարվում է իր տարբեր կառույցների մեջ և տարբեր մակարդակների վրա հին մեթոդներով, որը առաջացնում է բախում այդ կառույցների ու դրանց գործելաոճին արհեստավարժ ու աշխարհին բաց, որակյալ մարդկանց ու հատկապես երիտասարդության անհամապատասխանելիության լուրջ խնդրին: Վերջիններս երբեմն կգտնվեն նույն այդ կառույցների մեջ ու ճարահատյալ` կփորձեն հին մեթոդներով գործել, պարտականության զգացումից թելադրված:

Ավանդական կառույցները ավանդական են մնացել բառի բուն իմաստով: Եվ նույն այդ կառույցներն ու իրենց անկասկածելիորեն նվիրած, բայց ներկա մարտահրավերներին չհամապատասխանող ղեկավարողներն ու գործունյա անդամներն, հաճախ առաջարկում են նոր մոտեցումներ վաղվա սփյուռքի մասին:

Լավագույն դեպքում, նրանք սահմանափակ գեղագիտական բարեկարգումներ կկատարեն, երբեմն երկու քայլ այն կողմ գնացած, աշխարհում երկու բան ավել տեսած այլ ղեկավարի առաջարկ-ծրագիրը որպես գլուխ գործոց համարա, առաջ են մղում որոշ ժամանակով, մրճահարելով, որ ահա ա՛յս է ելքը, մինչև որ այդ օրակարգը ինքը ևս կորցնի օրվա հրապույրը ու անցնեն նոր օրակարգերի:

Իսկ ի՞նչ կարող է տալ ամուր սփյուռքը մեզ և ինչպե՞ս կազմակերպել այն (հասկանալ` reengeneering):

Ազգային տեսլական

Բայց, նախ, ճշտելու համար, թե որո՞նք են մեր ակնկալիքները, սփյուռքում կա լուրջ խնդիր,թե` ո՞րն է մեր ազգային (պետական ու համազգային) տեսլականը` doctrine-ը:

Ունե՞նք: Թե՞ հռչակված «2050-ին պետք է 5 միլիոն լինենք Հայաստանում, թե՝ պիտի ունենանք միլիարդներ արժեցող ստարթափեր, կամ թե՝ եվրոպական ֆուտբոլի գավաթի մրցաշարքում Հայաստանի հավաքականը պետք է գրավի առաջի տեղը» լոզունգները ամփոփում են մեր այդ տեսլականը:

Ավելի լուրջ ու ավելի գործնական բանաձևեր են պետք, ինչ որ ենթադրում է գործողությունների հստակ ծրագիր, որը ճշտում է թե մենք ինչպիսին ենք, ինչ տեղ ենք գրավում ու ուզում գրավել համաշխարհային ռազմական, գիտական, արհեստագիտական, կրթական, տնտեսա-ֆինանսական, մշակութային ու քաղաքական քարտեզի վրա:

Իսկ գործնակա՞ն

Ամեն դեպքում սփյուռքը Հայաստանի համար արդեն կատարել է տարբեր բնույթի գործողություններ` պետության հետ համակարգված թե ՝ոչ, ու սա եղել է և այսօր էլ գնահատելի ներդրում է ներկայացնում, լինի դա դրսում` Հայաստանի պետական-քաղաքական շահերը պաշտպանող ոչ պետական կառույցների, ինչպես` Հայ Դատի գրասենյակների, կամ ներսում` մարդասիրական օգնության, զբոսաշրջային այցելությունների կամ գործարար ներդրումների, ինչպես նաև շոշափելի, բայց անբավարար թվով հայրենադարձության և այլ ճամփով:

Բայց սփյուռքը, առավել ևս կազմակերպված սփյուռքը, ավելի մեծ հնարավորութիւններ կարող է կատարել Հայաստանի ազդեցության ու շահի պաշտպանության հարցում, ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրները ճիշտ հասցեատերերին հասցնելու, նաև` այլընտրանքային ճանապարհներով:

Երախտապարտ պետք է լինել այսօր տարբեր կազմակերպությունների կողմից տարված՝ Հայ դատի աշխատանքներին և դրանք հիմք ընդունել վաղվա խորացված և ընդլայնված ծրագրերի համար: Միաժամանակ պետք է խոստովանել և առարկայականորեն ընդունել, որ հայ ժողովուրդի գոյության ու զարգացման խնդիրների դիմաց կարիք կա հավելյալ ուժեր պատրաստելու ` վերապատրաստելով դրանք ու համապատասխան գործիքակազմ ստեղծելով. այս բոլորը` հայանպաստ ձգտումնալից քաղաքականություններ նախապատրաստելու ու ապահովելու նպատակով:

Սփյուռքը մեր տկար, սակավաթիվ ու թույլ արտաքին կառոյցներին՝ դեսպանություններին, մասնագիտական տաղանդներ կարող է հայթայթել` օգնելու արտաքին քաղաքականության ընդհանուր և հատուկ ծրագրերի իրագործման գործին, ծրագրավորումից մինչև կիրառում:

Տեղական լեզվամտածողություն, կապեր, տնտեսական առաջարկներ, դեպի Հայաստան աշխատանքային այցեր, Հայաստանի հետ տվյալ երկրի մշակութային, կրթական, գիտական, մարզական, առողջապահական, գյուղատնտեսական և այլ բազմաթիվ ոլորտների հետ համագործակցություն. ահա այն մի քանի օրինակները, որոնք միութենական ու հասարակական ջանքերի կողքին ու դրանց հետ համադրելով, համակարգված ճիգերով նոր մակարդակների պետք է հասցնեն միջպետական հայանպաստ կապերը:

Սա ենթադրում է, անշուշտ, դեսպանությունների աշխատակազմերում վերապատրաստում, արդյունավետ և որակյալ կառավարում, որը մեր նոր պետականության օրերին ընհանրապես պակասել է (առանց ընդհանրացումներ կատարելու բոլոր ժամանակների բոլոր դիվանագետների հասցեին), որից հետո միայն հնարավոր է դառնում գործի դնել վերոնշյալ մոտեցումները:

Վերցնենք մեկ օրինակ` տնտեսականը: Աշխարհի պատմությունը վկայում է, որ, ի վերջո, ծավալապաշտությունը և ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, բացի զուտ քաղաքական և ռազմական մղումներից, ազդեցության տարածումից, նպատակ է հետապնդում ձեռք բերել տնտեսական շահեր:

Աշխարհի մեծ ու փոքր պետություններն ունեն տնտեսական և առևտրական զարգացման գրասենյակներ` տասնյակ երկրներում: Վերջին տարիներին, որոշ երկրների պարագայում, տնտեսական զարգացման այդ կետրոնները հետզհետե սկսեցին ավելի թիրախային գործունեություններ ծավալել, շատ հաճախ` տվյալ երկրի դեսպանության հետ միասին, նույնիսկ` դեսպանություններում:

Այսպես է, որ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարությունը մի քանի տարի առաջ վերանվանվեց նաև Միջազգային Զարգացման նախարարություն, որի հիմնական գործառույթների մի մասը տնտեսական զարգացման ապահովումն էր: Ահա այստեղ, խելացի համագործակցությամբ, Հայաստանում վերաշխուժացած Առևտրական պալատն ու դրա վերաթարմացված միջազգային ներկայացուցչությունները (կամ համապատասխան այլ կառույցեր), սփյուռքի գործարարների մասնակցությամբ և արհեստավարժ մարդկանց ու ՀՀ դեսպանությունների, այլ խոսքով` ՀՀ արտաքին գործերի և տնտեսության նախարարության համակարգումով, կարող են առաջ մղել Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերը` նախատեսված արդյունքներ ձեռք ձգելու հստակ մտադրությամբ:

Այլ խոսքով, պետք է նորովի մտածել ներգործոն և համադրյալ գործակցության ընդհանուր և ոլորտային ռազմավարական ծրագրի շուրջ: Ինչպես տնտեսականի համար, նույն մետեցումը կարելի է կիրառել, ոլորտային յուրահատկություններն նկատի առնելով անշուշտ, մշակույթի, կրթության, գիտության և բազմաթիվ այլ ոլորտների համար:

Սփյուռքի վերակազմակերպման ծրագիրն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությունը պետք է դիտել որպես Սփյուռքի ներդրում, մասնակցություն ի նպաստ Հայաստանի, բայց նաև Սփյուռքի աշխուժացում` ի նպաստ Սփյուռքի կառույցների, ծրագրերի և սփյուռքահայ մարդու, և վերջապես, որպես Հայաստանի ներդրում` Սփյուռքի տարբեր թիրախային ծրագրերի։

Այս բոլորը ենթադրում են, ընդհանուր ծրագրավորման կողքին, Հայաստանի ամեն մի, առանց բացառության ամե՛ն մի նախարարության խիստ ներգրավածությունը այս գործին և, բնականաբար, հզոր ու նոր հիմքերի վրա դրված սփյուռքի նախարարության կազմություն, ֆինանսական համապատասխան, արտակարգ ու արտասովոր ներդրում այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր ներդրումային լումա պետք է իր բարոյական կամ տնտեսական բազմապատիկ արդյունքը ունենա: Ուստի, մեր մտածողության մեջ պետք է ամրագրել այս տարողությամբ ֆինանսական ներդրումի անհրաժեշտության գաղափարը, որի համար կարելի է և պետք է ստեղծել ու գտնել թե՛ դասական և թե՛ նոր լուծումներ, սփյուռի (ոչ միայն հայկական) աղբյուրներից, մինչև` Հայաստանի պետական բյուջեն ու հայաստանյան ընկերություններ, որը կարելի է խրախուսել ՝դրանց տալով իրենց մասնակցության չափով արտոնություններ:

Սա, ճիշտ է, այլ քննարկման նյութ է, սակայն այստեղ հետաքրքրականն այն է, որ բոլոր հարցերը փոխկապվակցված են այնքանով, որ միայն ընդհանուր համակարգումը կարող է մեզ դուրս բերել մասնակի ու կարկատված լուծումներից:

Վերակազմակերպել Սփյուռքը

Վերադառնալով Սփյուռքին` նշեմ, որ նրա վերակազմակերպումը ենթադրում է յուրաքանչյուր մասնակից հայի արժևորումը` մատչելի դարձնելով յուրաքանչյուրի միտքը, լսելի` ձայնը և տեսանելի` գործը:

Այս նպատակի համար անհրաժեշտ է ստեղծել թե՛ տվյալ երկրում և թե՛ ընդհանուր Սփյուռքի մասշտապով շփման հորիզոնական հարթակներ` օգտվելով ներկա հաղորդակցության միջոցներից, բայց նաև` ուղիղ շփման նոր, հրապուրիչ, հետաքրքրաշարժ, հարուստ միջավայրեր, որտեղ Սփյուռքի լուռ մեծամասնությունը այնքան տեղ ունի, որքան` վերը նշված արդեն ինքն իրեն կրկնող ու հաճախ հյուծված տարրերը, որտեղ առաջիններն իրենց թարմությամբ, յուրահատկությամբ ու փորձառություններով, վստահ եմ, դրականորեն պիտի զարմացնեն բոլորիս:

Այս թարմացած Սփյուռքը, ուրեմն, չի կարող արդյունավետ լինել ու մնալ, եթե դրա աշխատանքն ու ներգործությունը կառուցված, մտածված և համակարգված չլինեն։ Մեր մեծագույն թշնամին, այս փուլում, ձախողումն է, որ պետք է բացառել` իմանալով, որ բազմաթիվ ուժեր պիտի փորձեն խանգարել մեր երթը:

Իսկ ինչպե՞ս համակարգել ու կառուցել այս ամենը: Առաջարկներից մեկը, մի խումբ հայրենակիցների վերջին տարիների քննարկումների որպես արդյունք այն է, որ համայնք առ համայնք հետաքրքրված հայերը արձանագրեն և մասնակցեն համայնքային ընտրություններին, որոնք պետք է ձևավորեն Սփյուռքի Խորհրդարանը, որտեղ կուղարկվեն համայնքների ընտրյալ պատգամավորները, և որը կձևավորի ապագա Սփյուռքի Խորհուրդը:

Եւ եթե սույն խորհրդարանն ու խորհուրդը սկզբնական շրջանում չունենան ուղղակի ազդեցություն հայ անհատի, կազմակերպության կամ համայնքի մակարդակով, տարի առ տարի որոշ ինքնասրբագրումների և ուղղումների հետ, ցուցաբերելով ժողովրդավարական հասունություն, ինքնադրսվորման ազատություն, քննարկումների բարձր մակարդակ, տեսլական և կազմակերպական կայունություն, կստանան իրենց արժանի ու օրինական տեղը ոչ միայն Սփյուռքում, այլ նաև` ի դեմս Հայաստանի Հանրապետության, որպես վստահելի խոսակիցներ:

Այս խորհրդարանն ու դրանից բխող խորհուրդը իրենց մեջ կունենան մասնակցել ցանկացող բոլոր հին ու նոր ուժերին, անհատներին` տարբեր ոլորտների և տարբեր միջավայրերի, և որտեղ դասական սփյուռքահայն ու Հայաստանից արտագաղթած նոր սփյուռքահայը կմիանան իրար, կճանաչեն իրար և հետզհետե կստեղծեն մեկ ազգ հասկացողության հիմնական նախադրյալը, որ միասին լինելն ու միասին գործելն է:

Սփյուռքյան նոր իրավիճակում մտքի զարգացումը, գաղափարների բախումը, բանավեճն ու մտքի փնտռտուքը դառնում են գործունեութեան մաս` իրենց հերթին ստեղծելով որակյալ առաջնորդության պատրաստվելու գրավականներ:

Սույն խորհրդարանն ու խորհուրդը պետք է առաջնորդվեն նախապես ընդունված, բացառությամբ ազգային, միասնական և կառուցողական հստակ սահմանադրությամբ:

Վերակազմակերպված Սփյուռքի բացակայության պարագայում, Սփյուռքի որևէ համայնք իր խնդիրներով ու նախաձեռնություններով պիտի մնա միայնակ, անհաղորդ ուրիշների նկատմամբ: Համայնքի դպրոցն ու դրա փակման վտանգը, մշակութային ստեղծագործությունն, պատրաստվածությունն ու տարածումը, երիտասարդ հայերի մասնագիտական փորձ կամ աշխատանք հայթայթելը, հայրենիքում ծրագիր իրագործելը պետք չէ մնա անհատի կամ, լավագույն պարագայում, համայնքի հարցը, այլ, ըստ անհրաժեշտության ու հնարավորության, պետք է դառնա նաև ուրիշներինը կամ բոլորինը:

Այսպես, հեռավոր ու անկազմակերպ, հաճախ նորակազմ համայնքներ չեն մատնվի ընդհանուր անտարբերության կամ չեն մնա երբեմն կարեկցանքի հույզերի տակ, այլ ուժ կհավաքեն, երբ մյուս համայնքները կամ պետությունը, ինչո՞ւ չէ երկուսը միասին զորակցության ձեռք կմեկնեն նրան: Այս պարագայում, հնարավոր կդառնա պատերազմական կամ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող համայնքներին հասնելը, կամ` տաղանդավոր մարդկանց առջեւ նոր դռներ բացելը` հանրաճանաչ դարձնելով նրանց (ու ոչ միայն հայկական միջավայրում) և դեռ` փակման վտանգի առջեւ գտնվող դպրոց փրկելը:

Այսպիսով, մենք մեր առջև խնդիր ենք դնում միասին մտածելու, միասին ծրագրելու, միասին պատասխանատվություն կիսելու ու միասին աշխատելու կառուցողական իրավիճակներում: Այսպես կստեղծենք համահայկական մտածողություն և գործունեություն: Համահայկականությունը չի մնա միայն մեծ ու լայնածավալ կազմակերպությունների առավելություն, որի հնարավորությունները վերջիններս կպահեն, այլ այդ առավելությունը կտարածվի ընդհանուրի վրա:

Ավելին, համահայկական կազմակերպություններն ու միությունները, որոնք համահայկական են աշխարհագրական առումով, բայց ոչ գաղափարախոսական ընկալումով, ծրագրերով կամ աշխատանքի բնույթով և ոչ ամենևին մարդկային ներուժի ընդգրկումով, այլ խոսքով, իրենք ևս ամենուր են, համայնքների նման, բայց ոչ միասին՝ իրենց փոքր ու մեծ ծրագրերով, որտեղ իրարից որոշ չափով են տեղեկացված, բայց ոչ ներառական ու ներգործոն, առիթ կունենան իրենք ևս ներգրավվելու այլոց ու մյուսներին ևս ներգրավելու իրենց արտակազմակերպական և արտահամայնքային նախաձեռնություններում:

Նման համակարգի մեծագույն բարիքը պիտի լինի այն, որ ամեն տեղ, ի դեմս տեղական հարցերի, պետք է ամրանա պետական մտածողությունն ու պետականասևեռ գործունեությունը, որը վաղվա նորաշեն Հայաստանի առանցքն է։

Կրկնվեմ ասելով, որ այս առումով, անհրաժեշտ է Հայաստանի պետական ղեկավարության, պետական կառույցների և քաղաքական ուժերի մոտ համահայկական, համազգային գաղափարախոսություն, նաև` Հայաստան-Սփյուռք հստակ, մշակված, հետապնդվող և բարձր նշաձողով ընդհանուր տեսլական և ոլորտային ծրագրերի գործնականացում:

Պետական ու համազգային մտածողությունն ու գործելաոճը դժվարաբեկ, ուժեղ կռվանը պիտի հանդիսանան մեր «փոքր երկիր, մեծ ազգ» իրականությունից «հզոր երկիր, միասնական ու մեծ ազգ» իրականության անցման ճանապարհին:

Իսկական հայկական ներուժը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում գերազանցապես ավելին է, քան` այն տեսանելին, որ թվում է շատերիս:

Բազմաթիվ ձևակերպումներ կարելի է տալ ու մանրամասնել, թե՛ ինչպիսի մեխանիզմներով Սփյուռքը ներառված պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական հաստատություններում ու հասարակական կյանքում, որ չլինի ձևական, այլ` նպատակային:

Այս մտքերը հազարավոր հայրենակիցների ցանկությունների ամենասեղմ մեկ ամփոփումը կարող են համարվել, թեկուզ` որոշ անհամաձայնություններով կամ անհրաժեշտ լրացումներով ու խորացումներով հանդերձ: Ժամանակն է իրավիճակին լուրջ գնահատականներ տալու և ռազմավարական գործնական ծրագիր մշակելու` դուրս գալով այժմ տիրող տեսական ցանկություններից ու պահպանողական, քարացած ոչ լիարժեք լուծումներից: Երևան-Բեյրութ-Փարիզ

ԿԻՍՎԵԼ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *

One Response

Պատասխանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով