Ստորև ներկայացվում են ազգային բազմազան մոտալուտ, նաև խիստ կարևոր հարցեր, որոնց անդրադարձել է պարոն Շնորհոքյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում:
Սփյուռքը գոյություն չունի որպես մտածող ամբողջություն: Չկա ոչ մի միասնական մարմին, որն իր վրա կվերցնի կարևոր հարցերի պատասխանատվությունը, որոնցից է, օրինակ, ցեղասպանության ճանաչումը, որը, ինչպես առաջարկեց վարչապետը, մենք՝ Սփյուռքը, պետք է ստանձնենք: Կարևոր է համախմբվել, սահմանել օրակարգ՝ առաջնահերթություններով և ժամանակացույցով՝ հաշվի առնելով անհրաժեշտ միջոցները: Այնպիսի թեմաներ են բարձրացվում, ինչպիսիք են Երուսաղեմի հայկական ունեցվածքների պաշտպանությունը, Միջին Արևելքի՝ ռազմավարական նշանակություն ունեցող համայնքների ճակատագիրը, Ուկրանիայում դեռևս պատերազմից առաջ գոյություն ունեցող 600.000-անոց հայ համայնքի հարցը, բայց որոնց համար պատասխանատություն ոչ ոք չի ստանձնում։
Երեսուն տարի առաջ ժողովրդավարությունը ներկայացուցչական էր: Մարդիկ ընտրում էին ներկայացուցիչներ, որոնք կայացնում էին որոշումներ: Համացանցի դարաշրջանի մարդիկ հակված են մասնակցային ժողովրդավարությանը, որտեղ քաղաքացիական հասարակությունը ինքն իր պատասխանատուն է: Սա համաշխարհային տենդենցն է: Հայկական Սփյուռքի պարագայում անհրաժեշտ է ունենալ փոխադարձ հարգանք և համագործակցություն ավանդական հաստատությունների և քաղաքացիական հասարակության միջև: Չի կարելի անտեսել քաղաքացիական հասարակությանը և նրանց, ովքեր ընդգրկված չեն այդ հաստատություններում, մասնավորապես երիտասարդներին: Մյուս կողմից, ավանդական հաստատությունները կենսական նշանակություն ունեն Սփյուռքի մէջ: Սփյուռքից հանե՛ք եկեղեցիները, ՀՅԴ-ն եւ ՀԲԸՄ-ը և տեսե՛ք, թե ինչ կմնա արդյունքում:
Սույն թվականի հունիսի 18-ին և 19-ին սփյուռքահայերի կլոր սեղանը (DART) ութ տարբեր երկրներից համախմբեց 31 անկախ հայերի, որոնք նստեցին մեկ սեղանի շուրջ` հավասար աթոռների վրա՝ քննարկելու վերոհիշյալ հարցերը առանց Սփյուռքը ներկայացնելու մտադրության:
Մասնակիցների մտահոգությունը հայության մեջ կործանարար բաժանումներն են՝ ի դեմս Սփյուռքի և Հայրենիքի, ինչպես նաև ինքնագնահատականի և հույսի կորուստը: Մարդիկ կորցրել են իրենց ուղենիշը:
Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը հայ Մարքարա Ավանչինզին նշանակել էր Ֆրանսիայի արևմտահնդկական ընկերության նախագահ, որը գործ ուներ թանկարժեք քարերի հետ: 12-րդ դարից հայերը վստահելի մարդիկ էին ամբողջ Եվրոպայում և Ասիայում: Հնդկաստանում մեզ անվանում էին «հայ վաճառական իշխաններ»: Այդ իշխաններից վերջինը լորդ Փոլ Չաթերն էր, որը Հոնգ Կոնգի «ճարտարապետն» էր, իսկ այնուհետև դարձավ մեծ բարեգործ: Ներկայումս մենք անկում ենք ապրել: Մեր քաղաքական դասը՝ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմությունը, վարկաբեկված է:
Մենք պարտվեցինք ոչ միայն վերջին պատերազմի 44 օրերին, այլ նաև այն նախորդող տարիներին: Արցախը 6 միլիոն բնակչութուն ունեցող Լիբանանից մեծ էր, սակայն ուներ 150.000 բնակիչ: Մենք թույլ տվեցինք, որ միլիոնավոր հայեր հեռանան և կառուցեն Ռուսաստանը նրանց մեր՝ ջրով և հանքերով հարուստ հողում պահելու փոխարեն: Մեր պարտությունը ռազմական լինելուց առաջ ժողովրդագրական է: Մերը որակյալ ղեկավարության և, առավելապես, արժեքների կորուստ էր:
Կարևոր է վերականգնվել: Այդ մեկը հնարավոր է բաժանված կողմերի միջև երկխոսություն ու վստահություն հաստատելով: Ունենք մեծ տարաձայնություններ, տարբեր մակարդակներում վստահության ու համագործակցության պակաս, օրինակ՝ Հայաստանի կառավարության և Սփյուռքի, Բաղրամյանի եւ Էջմիածնի, կառավարական տարբեր հաստատությունների, Արևմտյան Սփյուռքի երկու բևեռների՝ ՀԲԸՄ-ի և ՀՅԴ-ի, ավանդական ու նոր Սփյուռքների, ինչպես նաև նախապաշարմունք սփյուռքահայերի և հայաստանցիների միջև:
Պետք է կառուցենք կամուրջներ, կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության հող նախապատրաստենք՝ նրանց առկա փակուղուց դուրս բերելու համար։
Մեր հարևանները դիվանագիտական կարևոր դեր են խաղում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Կարո՞ղ են հայերը նման դեր խաղալ: Անշուշտ: Ունենք բարձր մակարդակի դիվանագետներ, որոնք սերտ կապեր ունեն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ:
Սփյուռքահայերի կլոր սեղանի շուրջ քննարկեցինք Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հայրենիքին ծառայող դիվանագետների աշխատանքային խմբի ստեղծումը: Սակայն այսպիսի խմբի ստեղծումը նշանակություն չի ունենա, եթե այն կապեր չհաստատի կամ հրահանգներ չստանա կառավարությունից: Մնում է հաղորդակցվել կառավարության հետ:
«ՄԵՆՔ» բոլորս ունենք ինքնագնահատական, արժանապատվություն: Միայն մենք ենք ունեցել Դավիթ Անհաղթ, Շիրակացի, Ալիխանյան: Մենք հիմնել ենք Թումո և Լոռի ՍՄԱՐԹ կենտրոնները: Սակայն վերջին պատերազմում տեսանք, որ «Բայրաքթար»-ի գաղափարը կամ արտադրությունը մերը չէր: Մեր արժանապատվության հետ միասին պետք է մի քիչ էլ խոնարհություն ունենանք: Մեկս մյուսի կարիքն ունենք։
Սփյուռքահայերի կլոր սեղանը ինքնին հաջողություն էր, քանի որ այն ի մի բերեց մարդկանց տարբեր երկրներից ու քաղաքական հոսանքներից: Մասնակիցների շարքում կային հասարակական չորս գլխավոր կազմակերպությունների հիմնադիրներ կամ նախագահներ, որոնցից յուրաքանչյուրը իր նպաստն է բերում հայրենիքին միլիոնավոր դոլարներով:
DART-Ը կազմակերպություն չպիտի դառնա: Որևէ գրանցում չի ունենալու և ծրագիրներ չի իրականացնելու: Այն պարզապես կամուրջ պիտի հանդիսանա ազգի տարբեր հատվածների միջև՝ քաջալերելով երկխոսությունն ու համագործակցությունը:
Մենք միասին պիտի կառուցենք հաստատակամությամբ ու խոնարհությամբ:
Սեղմե՛ք ներքոնշյալ հղումը հարցազրույցը դիտելու համար՝
4 օգոստոսի, 2022 թ․